4,213,232 views • 20:06

Այս օրերին բոլորը խոսում են երջանկության մասին: Ես խնդրեցի հաշվել վերջին հինգ տարիներում հրատարակված այն գրքերի թիվը, որոնց վերնագրերում կար «երջանկություն» բառը։ Քառասունին հասնելուց հետո նրանք թողեցին այդ հաշվարկը, բայց դեռ շատ գրքեր կային: Երջանկության նկատմամբ հետաքրքրության հսկայական ալիք կա հետազոտողների մոտ: Երջանկության շատ թրեյնինգներ կան: Բոլորը ցանկանում են մարդկանց ավելի երջանիկ դարձնել: Բայց չնայած աշխատանքի այս ամբողջ հեղեղին` մի քանի իմացական թակարդներ կան, որոնք անհնարին են դարձնում շիտակ մտածել երջանկության մասին:

Եվ այսօրվա իմ ելույթը լինելու է հիմնականում այս իմացական թակարդների մասին: Սա վերաբերում է թե սովորական մարդկանց, ովքեր մտածում են սեփական երջանկության մասին, և թե գիտնականներին, ովքեր մտածում են երջանկության մասին, որովհետև պարզվում է, որ մենք նույնքան խառնաշփոթի մեջ ենք, ինչպես բոլորը: Այս թակարդներից առաջինը բարդությունն ընդունելու դժկամությունն է: Պարզվում է, որ երջանկություն բառը այլևս օգտակար բառ չէ, որովհետև մենք այն կիրառում ենք շատ տարբեր բաների նկատմամբ: Կարծում եմ` մենք պետք է սահմանափակենք այն մի կոնկրետ նշանակության, և ընդհանուր առմամբ, մենք պետք է որդեգրենք ավելի բարդ տեսակետ բարեկեցության նշանակության մասին: Երկրորդ թակարդը շփոթմունքն է փորձի և հիշողության միջև, այսինքն Ձեր կյանքում երջանիկ լինելու և Ձեր կյանքի առումով, կամ Ձեր կյանքով երջանիկ լինելու միջև: Եվ սրանք երկու շատ տարբեր գաղափարներ են, և երկուսն էլ տեղավորվել են երջանկության հասկացության մեջ: Իսկ երրորդը կենտրոնացման պատրանքն է, դժբախտաբար մենք չենք կարող մտածել որևէ հանգամանքի մասին, որն ազդում է բարեկեցության վրա` առանց աղճատելու նրա կարևորությունը: Ի նկատի ունեմ, սա իրական իմացական թակարդ է: Ոչ մի ձև չկա այն ուղղելու:

Ես կցանակայի սկսել մի օրինակով, որ իմ դասախոսություններից մեկից հետո հարցուպատասխանի ժամանակ մեկը պատմեց: [պարզ չի, թե ինչ է ասվում] Նա ասաց, որ լսում էր սիմֆոնիա, և դա փառահեղ երաժշտություն էր, և ձայնագրության վերջում, ահավոր ձայն եկավ: Եվ, նա ավելացրեց, շատ էմոցիոնալ տոնով, դա փչացրեց ամբողջ փորձառությունը: Բայց դա այդպես չէր: Այն փչացրել էր այդ փորձառության մասին հիշողությունը: Նա ունեցել էր այդ փորձառությունը: Քսան րոպե փառահեղ երաժշտություն էր վայելել: Բայց դա հաշիվ չէր, որովհետև նրա մոտ մնացել էր հիշողություն, իսկ այդ հիշողությունը փչացել էր, իսկ հիշողությունն այն ամենն էր, որ նա պահել էր:

Սա ինչ է մեզ ուսուցանում, իրոք, որ մենք կարող ենք մեր և այլոց մասին մտածել որպես երկու եսեր: Կա փորձառություն առնող եսը, որն ապրում է ներկայում, և գիտի ներկան, ընդունակ է վերապրել անցյալը, բայց հիմնականում այն միայն ներկա ունի: Փորձառություն առնող եսին է մոտենում բժիշկը, դե գիտեք, երբ բժիշկը հարցնում է. «Երբ ձեռք եմ տալիս այստեղ, ցավու՞մ է»։ Եվ կա հիշող եսը, և հիշող եսն է, որ պահում է հաշիվը, և մեր կյանքի պատմությունն է պահպանում. այդ նրան է բժիշկը մոտենում, երբ տալիս է այս հարցը. «Ինչպե՞ս ես վերջերս քեզ զգում» կամ «Ինչպե՞ս անցավ Ձեր վերջին այցը Ալբանիա» կամ նման մի բան: Դրանք երկու տարբեր միավորներ են, փորձառություն առնող եսն ու հիշող եսը, և դրանք միմյանց հետ շփոթելը երջանկության հասկացության շուրջ եղող խառնաշփոթի մաս է:

Հիշող եսը պատմասաց է: Եվ այն իրականում սկսվում է մեր հիշողություններին պարզ պատասխանով, այն սկսում է անմիջապես: Մենք պատմություններ ենք պատմում, ոչ միայն երբ մենք սկսում ենք պատմություններ պատմել: Մեր հիշողությունն է մեզ պատմություններ պատմում, այսինքն, այն ինչ մենք պահպանում ենք մեր փորձառությունից, պատմություն է: Սկսեմ մի օրինակով: Սա հին ուսումնասիրություն է: Սրանք իրական հիվանդներ են, որոնք ցավոտ պրոցեդուրայի են մասնակցում: Ես շատ չեմ մանրամասնի: Այս օրերին այդ պրոցեդուրան այլևս ցավոտ չէ, բայց 90-ականներին, երբ այս ուսումնասիրությունն էր արվում, այն ցավոտ էր: Նրանց խնդրել էին զեկուցել իրենց ցավը վաթսուն վայրկյանը մեկ: Եվ ահա երկու հիվանդներ: Սրանք նրանց պատասխաններն են: Եվ Ձեզ հարցում են. «Նրանցից ո՞վ է ավելի շատ տանջվել»: Սա շատ հեշտ հարց է: Պարզ է, որ հիվանդ Բ-ն ավելի շատ է տանջվել: Նրա կոլոնոսկոպիան ավելի երկարատև էր, ցավի ամեն մի րոպեն, որ զգում էր հիվանդ Ա-ն, զգում էր նաև հիվանդ Բ-ն և նույնիսկ ավելին:

Բայց հիմա մեկ այլ հարց կա: «Իսկ այս հիվանդների կարծիքով իրենք ինչքա՞ն են տանջվել»: Եվ ահա զարմանալին: Եվ զարմանալին այն է, որ հիվանդ Ա-ն ունի կոլոնոսկոպիայի մասին շատ ավելի վատ հիշողություն, քան հիվանդ Բ-ն: Կոլոնոսկոպիայի պատմությունները տարբեր էին, և որովհետև պատմության կարևորագույն մասն այն է, թե ինչպես է այն վերջանում, և այս պատմություններից ոչ մեկն էլ շատ ոգեշնչող կամ հրաշալի չէ, բայց նրանցից մեկը հստակորեն․․․ (Ծիծաղ) բայց նրանցից մեկը հստակորեն ավելի վատն է, քան մյուսը: Եվ այդ մեկը, որն ավելի վատն է, այն է, որտեղ ցավն իր գագաթնակետին հասավ վերջում: Դա վատ պատմություն է: Ինչպե՞ս գիտենք դա: Որովհետև մենք հարցրեցինք այս մարդկանց կոլոնոսկոպիայից հետո, և նաև շատ ավելի ուշ: «Ընդհանուր առմամբ, ինչքա՞ն վատն էր ամբողջ պրոցեսը», և հիշողության մեջ, այն շատ ավելի վատն էր հիվանդ Ա-ի, քան Բ-ի համար:

Սա ուղղակի կոնֆլիկտ է փորձառություն առնող եսի ու հիշող եսի միջև: Փորձառություն առնող եսի տեսանկյունից Բ-ն հստակորեն ավելի վատ վիճակում էր: Ի՞նչ կարելի է անել հիվանդ Ա-ի հետ, և մենք իրոք անցկացրել ենք կլինիկական փորձեր, դա արվել է և դա աշխատում է, կարելի է իրոք երկարացնել հիվանդ Ա-ի կոլոնոսկոպիան` խողովակը մի քիչ ավելի երկար ներսում պահելով` առանց շատ շարժելու: Դա հիվանդին տառապանք կպատճառի, բայց միայն մի քիչ, և շատ ավելի քիչ, քան առաջ: Եվ եթե դա արվի մի երկու րոպե, հիվանդ Ա-ի փորձառություն առնող եսը ավելի վատ վիճակում կլինի, իսկ հիվանդ Ա-ի հիշող եսը` շատ ավելի լավ վիճակում կլինի, որովհետև հիմա դուք հիվանդ Ա-ին տվել եք իր փորձառության մասին ավելի լավ պատմություն: Ի՞նչն է սահմանում պատմությունը: Եվ սա ճիշտ է այն պատմությունների համար, որոնք հիշողությունը մատուցում է մեզ, և այն նաև ճիշտ է պատմությունների համար, որ մենք հնարում ենք: Պատմությունը սահմանում են փոփոխությունները, նշանակալից պահերը և ավարտը: Ավարտը շատ, շատ կարևոր է, և այս դեպքում ավարտն է, որ գերիշխում է:

Փորձառություն առնող եսը շարունակաբար ապրում է իր կյանքը: Այն ունի փորձառության պահեր, մեկը մյուսի հետևից: Եվ դուք հարցնում եք. «Ի՞նչ է պատահում այս պահերին»: Եվ պատասխանն իրոք շատ պարզ է: Նրանք ընդմիշտ կորչում են: Ի նկատի ունեմ, մեր կյանքի պահերի մեծամասնությունը, և ես հաշվարկել եմ - գիտե՞ք, հոգեբանական ներկան, ասում են, մոտ երեք վայրկյան տևողություն ունի: Որը նշանակում է, որ կյանքում կան դրանցից վեց հարյուր միլիոն: Մեկ ամսում կան մոտավորապես վեց հարյուր հազար: Դրանց մեծամասնությունը հետք չի թողնում: Մեծամասնությունը լիովին անտեսվում է հիշող եսի կողմից: Եվ սակայն, ինչ-որ ձևով հասկանում եք, որ նրանք պետք է հաշվվեն, որ այն, ինչ կատարվում է փորձառության այս պահերի ընթացքում, մեր կյանքն է: Սա այն սահմանափակ ռեսուրսն է, որ մենք ծախսում ենք մինչ մենք այս երկրագնդի վրա ենք: Եվ դրա ինչպես ծախսելը պետք է որ նշանակալից թվար, բայց մեր հիշող եսը մեզ համար այդ պատմությունը չէ, որ պահպանում է:

Այսպիսով մենք ունենք հիշող ես, և փորձառություն առնող ես, և նրանք իրոք բավականին տարբեր են: Նրանց միջև ամենամեծ տարբերությունը ժամանակի կառավարման մեջ է: Փորձառություն առնող եսի տեսանկյունից, եթե դուք արձակուրդում եք, և երկրորդ շաբաթը առաջինի պես լավն է, ապա երկշաբաթյա արձակուրդը մեկշաբաթյա արձակուրդից երկու անգամ ավելի լավն է: Իսկ հիշող կողմի համար դա այդպես չի աշխատում: Հիշող եսի համար երկշաբաթյա արձակուրդը մեկշաբաթյա արձակուրդից շատ քիչ է ավելի լավը, որովհետև նոր հիշողություններ չեն ավելանում: Դուք պատմությունը չեք փոխել: Եվ այսպիսով, ժամանակը իրապես կարևորագույն փոփոխականն է, որ տարբերակում է հիշող եսը փորձառություն առնող եսից: Ժամանակը շատ քիչ ազդեցություն ունի այս պատմության վրա:

Դե, հիշող եսը ավելին է անում, քան հիշելն ու պատմություններ պատմելը: Նա իրականում որոշումներ կայացնողն է, որովհետև, եթե ունեք հիվանդ, ով, օրինակ, երկու կոլոնոսկոպիա է անցել երկու տարբեր վիրաբույժների մոտ, և որոշում է, թե նրանցից որին ընտրի, ապա ընտրություն անում է նա, ով ունի նվազ տհաճ հիշողություն, և այդ վիրաբույժն էլ կընտրվի: Փորձառություն առնող եսը այս ընտրության մեջ ասելիք չունի: Մենք իրականում ընտրություն չենք կատարում փորձառությունների միջև, մենք ընտրում ենք փորձառությունների մասին հիշողությունների միջև: Եվ, նույնիսկ երբ մենք մտածում ենք ապագայի մասին, մենք մեր ապագայի մասին սովորաբար չենք մտածում որպես փորձառություններ: Մենք մտածում ենք ապագայի մասին` որպես կանխատեսված հիշողություններ: Եվ իրականում, կարող եք սրան նայել, որպես հիշող եսի բռնապետություն, և կարող եք մտածել հիշող եսի մասին այսպես. այն փորձառություն առնող եսին քաշ է տալիս փորձառությունների միջով, որոնց կարիքը փորձառություն առնող եսը չունի:

Ես ի նկատի ունեմ, որ երբ մենք գնում ենք արձակուրդի, սա հաճախ է պատահում, այսինքն, մենք գնում ենք արձակուրդի, մեծ մասամբ, ի ծառայություն մեր հիշող եսի: Կարծում եմ` սա մի քիչ բարդ է արդարացնել: Այսինքն, ինչքա՞ն ենք մենք օգտագործում մեր հիշողությունները: Սա է հիշող եսի գերիշխանության բացատրություններից մեկը: Եվ երբ ես մտածում եմ դրա մասին, ես մտածում եմ այն արձակուրդի մասին, որ մենք Անտարկտիդայում անց կացրինք մի քանի տարի առաջ, որը հաստատ իմ ունեցած ամենալավ արձակուրդն էր, և ես դրա մասին համեմատաբար հաճախ եմ մտածում, համեմատած, թե ինչքան եմ մտածում մյուս արձակուրդների մասին: Եվ հավանաբար այդ երեքշաբաթյա արձակուրդի մասին իմ հիշողություններից սպառել եմ 25 րոպե վերջին չորս տարիների ընթացքում: Հիմա, եթե ես երբևէ բացած լինեի 600 նկարներով թղթապանակը, ես ծախսած կլինեի ևս մի ժամ: Ուրեմն, ստացվում է, որ սա երեք շաբաթ էր, իսկ դա էլ ամենաշատը մեկ ու կես ժամ: Թվում է, թե անհամապատասխանություն կա: Դե, ես երևի մի քիչ ծայրահեղ եմ, հիշողությունների սպառման իմ շատ փոքր ախորժակի առումով, բայց նույնիսկ եթե դուք ավելի շատ ախորժակ ունեք, կա մի իսկական հարց: Ինչու՞ ենք այդքան կշիռ տալիս հիշողություններին` համեմատած այն կշռին, որ տալիս ենք փորձառություններին:

Ուզում եմ, որ դուք մտածեք մի մտային փորձի մասին: Պատկերացրեք, որ ձեր հաջորդ արձակուրդին, դուք գիտեք, որ արձակուրդի վերջին, ձեր բոլոր նկարները կփչանան, եվ դուք ամնեզիայի դեղ կընդունեք, այնպես որ ոչ մի բան չեք հիշի: Հիմա ինչ, արդյո՞ք դուք կընտրեիք այդ նույն արձակուրդը: (Ծիծաղ) Եվ եթե մեկ ուրիշ արձակուրդ կընտրեիք, ապա ձեր երկու եսերի միջև կոնֆլիկտ կա, և դուք պետք է մտածեք, թե ինչպես լուծեք այդ կոնֆլիկտը, և դա իրականում ընդհանրապես ակնհայտ չէ, քանզի եթե մտածում եք ժամանակի առումով, ապա մի պատասխան եք ստանում: Եվ եթե մտածում եմ հիշողությունների առումով, կարող եք մեկ այլ պատասխան ստանալ: Թե ինչու ենք մենք ընտրում այն արձակուրդը, որն ընտրում ենք, խնդիր է, որը մեզ կանգնեցնում է երկու եսերի միջև կոնֆլիկտի առաջ:

Հիմա, այդ երկու եսերը բերում են երջանկության երկու հասկացություն: Իրականում կա երջանկության երկու գաղափար, որ մենք կարող ենք կիրառել, յուրաքանչյուր եսի համար մեկը: Այսպիսով դուք կարող եք հարցնել. «Ինչքա՞ն երջանիկ է փորձառություն առնող եսը»: Եվ հետո կհարցնեիք, թե ինչքան երջանիկ են պահերը փորձառություն առնող եսի կյանքում։ Եվ դրանք բոլորը — պահեր տևող երջանկությունը բավականին բարդ գործընթաց է: Որո՞նք են այն զգացմունքները, որոնք կարելի է չափել: Եվ, ի դեպ, հիմա մենք ընդունակ ենք, բավականին լավ պատկերացում կազմել ժամանակի ընթացքում փորձառություն առնող եսի երջանկության մասին: Եթե հարցնեք հիշող եսի երջանկության մասին, դա լիովին ուրիշ է: Սա նրա մասին չէ, թե ինչքան երջանիկ է մարդն ապրում: Դա այն մասին է, թե ինչքան բավարարված կամ գոհ է մարդը, երբ նա մտածում է իր կյանքի մասին: Շատ տարբեր հասկացություն: Ցանկացած մարդ, որ չի տարբերակում այս հասկացությունները, երջանկության ուսումնասիրությունը խառնաշփոթի կվերածի, և ես պատկանում եմ բարեկեցության այն ուսումնասիրողների բանակին, ովքեր երկար ժամանակ երջանկության ուսումնասիրությունը խառնաշփոթի էին վերածում հենց այս պատճառով:

Տարբերությունը փորձառություն առնող եսի երջանկության ու հիշող եսի բավարարվածության միջև, վերջին տարիներին ճանաչվել է, և հիմա նոր ջանքեր են ներդրվում այս երկուսն առանձին չափելու: Գելըփ Կազմակերպությունը համաշխարհային հարցում ունի, որտեղ ավելի քան կես միլիոն մարդու հարցեր են տրվել, թե ինչ են մտածում իրենց կյանքի և իրենց փորձառությունների մասին: Եվ այս ուղղությամբ այլ ջանքեր էլ են արվել: Այսպիսով, վերջին տարիներին, մենք սկսել ենք սովորել երկու եսերի երջանկության մասին: Եվ հիմնական դասը, որ մենք սովորել ենք, կարծում եմ, այն է, որ դրանք իրոք տարբեր են: Կարող եք իմանալ, թե ինչքան է մեկն իր կյանքից գոհ, և դա քեզ այնքան բան չի տեղեկացնում, թե ինչքան երջանիկ են նրանք ապրում իրենց կյանքը, և հակառակը: Որպեսզի պատկերացում տամ ձեզ հարաբերակցության մասին, հարաբերակցություն մոտավորապես 0.5 է: Սա նման է նրան, որ դուք հանդիպեք մեկին, ու ձեզ ասեն, որ նրա հոր հասակը 180 սմ է, ինչքա՞ն կիմանայիք նրա հասակի մասին: Դե, ինչ-որ բան կիմանայիք նրա հասակի մասին, բայց շատ անորոշակիություն կա: Դուք այդքան անորոշակիություն ունեք: Եթե ես ձեզ ասեմ, որ ինչ-որ մեկը իր կյանքը գնահատել է տասը հնարավորից ութ միավոր, շատ անորոշակիություն կա այն մասին թե ինչքան երջանիկ է իրենց փորձառություն առնող եսը: Այնպես որ հարաբերակցությունը ցածր է:

Մենք ինչ-որ բան գիտենք այն մասին, թե ինչն է ղեկավարում հիշող եսի բավարարվածությունը: Մենք գիտենք, որ շատ կարևոր է փողը, նպատակներն են շատ կարևոր: Մենք գիտենք, որ երջանկությունը հիմնականում բավարարվածությունն է այն մարդկանցով, ում մենք սիրում ենք, ժամանակ անցկացնելն է այն մարդկանց հետ, ում մենք սիրում ենք: Կան այլ հաճույքներ, բայց սա գերիշխող է: Այսպիսով, եթե ուզում եք մաքսիմալի հասցնել երկու եսերի երջանկությունը, դուք ի վերջո երկու տարբեր բաներ եք անելու: Իմ ասածի էությունն այն է, որ մենք իրոք չպետք է մտածենք երջանկության մասին` որպես բարեկեցության փոխարինող: Այն լիովին տարբեր հասկացություն է:

Հիմա, շատ արագ, մեկ այլ պատճառը, որ մենք չենք կարող ճիշտ մտածել երջանկության մասին այն է, որ մենք ուշադրություն չենք դարձնում նույն բաներին, երբ մտածում ենք կյանքի մասին, և երբ իրականում ապրում ենք: Այսպիսով, եթե պարզ հարց տաք, թե ինչքան երջանիկ են մարդիք Կալիֆորնիայում, ճիշտ պատասխան չեք ստանա: Երբ դուք այդ հարցը տալիս եք, դուք մտածում եք, որ մարդիք Կալիֆորնիայում ավելի երջանիկ պիտի լինեն, քան, ասենք, Օհայո նահանգում ապրողները: (Ծիծաղ) Եվ ինչ է պատահում, երբ մտածում եք Կալիֆորնիայում ապրելու մասին, դուք մտածում եք Կալիֆորնիայի և մյուս տեղերի միջև եղած հակադրության մասին, և այդ հակադրությունն, ասենք, կլիման է: Բայց պարզվում է, որ կլիման շատ կարևոր չէ փորձառություն առնող եսի համար, և նույնիսկ շատ կարևոր չէ մտածող եսի համար, որը որոշում է, թե ինչքան են մարդիք երջանիկ: Բայց հիմա, քանի որ մտածող եսն է ղեկավարը, դուք ի վերջո, որոշ մարդիք ի վերջո տեղափոխվում են Կալիֆորնիա: Եվ հետաքրքիր է հետևել, թե ինչ է պատահելու մարդկանց, ովքեր տեղափոխվում են Կալիֆորնիա` երջանկանալու հույսով: Դե, նրանց փորձառությոն առնող եսը ավելի երջանիկ չի դառնալու: Մենք դա գիտենք: Բայց մի բան կպատահի: Նրանք կմտածեն, թե ավելի երջանիկ են, որովհետև, երբ նրանք մտածեն այդ մասին, նրանք կհիշեն, թե ինչքան ահավոր էր եղանակը Օհայո նահանգում: Եվ նրանք կզգան, որ ճիշտ որոշում են կայացրել:

Շատ դժվար է շիտակ մտածել բարեկեցության մասին, և հուսով եմ, որ կարողացա պատկերացում տալ, թե ինչքան է դա դժվար:

Շնորհակալություն:

(Ծափահարություններ)

Քրիս Անդերսոն. Շնորհակալություն: Ես հարց ունեմ Ձեզ համար: Շատ շնորհակալություն: Երբ մենք մի քանի շաբաթ առաջ հեռախոսով խոսում էինք, դուք նշեցիք, որ Գելըփի հարցումները բավականին հետաքրքիր արդյունք ունեցան: Ինչ-որ բան կա՞, որ կուզենայիք կիսել մեզ հետ, քանի որ դեռ մի քանի րոպե ունենք:

Դանիել Քանեման: Անշուշտ: Կարծում եմ, որ ամենահետաքրքիր արդյունքը, որ մենք գտանք Գելըփի հարցման ընթացքում, մի թիվ է, որը մենք բացարձակ չէին ակնկալում գտնել: Մենք գտանք այն փորձառություն առնող եսի երջանկության հետ կապված։ Մենք նայեցինք, թե ինչպես են զգացմունքերը փոխվում` կախված եկամտից: Եվ պարզվում է, որ 60,000 դոլարից ցածր եկամուտի դեպքում ամերիկացիների համար, և դա ամերիկացիների շատ մեծ նմուշ է, 600,000 մարդ, դա մեծ ներկայացուցչական նմուշ է, տարեկան 600,000 դոլարից ցածր,

Քրիս Անդերսոն. 60,000:

Դանիել Քանեման: 60,000: (Ծիծաղ) Տարեկան 60,000 դոլարից ցածր եկամուտի դեպքում, մարդիք դժբախտ են, և ինչքան ավելի աղքատ, այնքան ավելի դժբախտ են նրանք դառնում: 60,000 դոլարից ավել եկամուտի դեպքում, մենք ստանում եք լրիվ հարթ գիծ, Ես հազվադեպ եմ տեսել այդքան հարթ գիծ: Պարզ է, որ տեղի է ունենում այն, որ փողը փորձառության երջանկություն ձեզ չի գնում, բայց փողի պակասը հաստատ ձեզ գնում է թշվառություն, և մենք կարող ենք չափել թշվառությունը շատ շատ պարզ: Ինչ վերաբերում է մյուս եսին, հիշող եսին, այստեղ ուրիշ պատմություն է: Ինչքան շատ գումար եք վաստակում, այդքան ավելի բավարարված եք: Սակայն սա չի վերաբերում էմոցիաներին:

Քրիս Անդերսոն: Բայց Դեննի, ամբողջ ամերիկյան ձգտումը կյանքի, ազատության, երջանկության մղման մասին է: Եթե մարդիք այս եզրակացությունը լուրջ ընդունեն, թվում է, թե այն գլխի վրա է շրջում այն ամենն, ինչին մենք հավատում ենք, օրինակ, հարկային քաղաքականություն և այլն: Արդյո՞ք հնարավորություն կա, որ քաղաքական գործիչները, որ երկիրն ընդհանրապես, այսպիսի եզրակացությունը լուրջ ընդունեն, և հանրային քաղաքականություն վարեն դրա հիման վրա:

Դանիել Քանեման: Գիտեք` ես մտածում եմ, որ հանրային քաղաքականությունում երջանկության ուսումնասիրությունների դերի վերաբերյալ ճանաչում կա: Ճանաչումը դանդաղ է լինելու Միացյան Նահանգներում. դրա մասին հարց չկա, սակայն Միացյալ Թագավորությունում դա տեղի է ունենում, և մյուս երկրներում էլ է տեղի ունենում: Մարդիք ընդունում են, որ իրենք պետք է մտածեն երջանկության մասին, երբ մտածում են հանրային քաղաքականության մասին: Դա որոշ ժամանակ կպահանջի, և մարդիկ վիճարկելու են, թե արդյոք նրանք ուզում են ուսումնասիրել փորձառության երջանկությունը, կամ թե արդյոք ուզում են ուսումնասիրել կյանքի գնահատումը, այսպիով մեզ հարկավոր է այդ քննարկումն անել շատ շուտով: Երջանկությունը բարելավելու միջոցները շատ տարբեր են` կախված նրանից, թե ինչպես եք մտածում, և արդյոք մտածում եք հիշող եսի մասին, թե փորձառություն առնող եսի մասին: Գալիք տարիներին դա ազդելու է հանրային քաղաքականության վրա: Միացյալ նահանգներում, ջանքեր են գործադրվում չափելու բնակչության փորձառության երջանկությունը: Կարծում եմ` սա կլինի հաջորդ մեկ կամ երկու տասնամյակ հետո ազգային վիճակագրության մաս:

Քրիս Անդերսոն. Դե, ինձ թվում է, որ այս կարցը կլինի, կամ գոնե պետք է որ լինի հանրային քաղաքականության ամենահետաքրքիր քննարկումը, որին կարելի է հետևել հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Շատ շնորհակալություն, որ հիմնել եք վարքագծային տնտեսագիտությունը: Շնորհակալություն Դենի Քանեման: