Եվ այսպես, խաղի պատմական զարգացումը:
Եթե Նյու Յորք Թայմզի փետրվարի 17- ի կիրակնօրյա համարի շապիկը նվիրված էր խաղին, ուրեմն նման հարցին պետք է լուրջ վերաբերել: Նյութի ներքևում ասվում է.<<Սա ավելի լուրջ է, քան գենդերային հարցերը: Լուրջ, միևնույն ժամանակ վտանգավոր մի զվարճանք` նման էվոլյուցիայի մասին նոր գաղափարների մի “խաղահրապարակի”>>: Վատ չէ, սակայն եթե նայեք այդ շապիկին, կնկատեք, որ մի բան բացակայում է: Դուք որևէ մեծահասակի տեսնում եք այդտեղ?
Լավ, եկեք գնանք ետ` 15-րդ դար: Սա մի բակ է Եվրոպայում, այստեղ տեսնում ենք ամենատարբեր խաղերի 124 տարատեսակներ. խաղեր նախատեսված բոլոր տարիքի անձանց համար, մենախաղի ձևեր, մարմնամարզական խաղեր, զվարճալի խաղեր: Ահա դրանք: Կարծում եմ, այս նկարը ներկայացնում է այն ժամանակվա խաղահրապարակի տիպիկ պատկերը: Ինձ թվում է, որ մեր մշակույթում մենք գուցե և որոշ բաներ կորցրել ենք:
Այսպիսով, պատրաստվում եմ ձեզ ներկայացնել այն, ինչը համարում եմ դեպքերի ուշագրավ զարգացում: Չերչիլի հյուսիսային հատվածում` Մանիթոբայում, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին Հադսոն Բեյը սառույցով չի պատվում: Եվ այս հյուսիսային արջը, որին տեսնում եք, այս արու արջը, որը կշռում է մոտ 600կգ, վայրի է ու սաստիկ քաղցած: Գերմանացի լուսանկարիչ Նորբերթ Ռոուզինգն այնտեղ լուսանկարում է այս լայկաներին, որոնք պարանով կապված են: Եվ ձախից նկարահանման հրապարակին է մոտենում այս վայրի հյուսիսային արու արջն` իր գիշատիչ հայացքով: Ձեզանից յուրաքանչյուրն, ով եղել է Աֆրիկայում, կամ ում ետևից երբևիցե ընկել է թափառական մի շուն, նկատած կլինի, որ դրանք ունեն սևեռուն, գիշատիչ հայացք. դրանից կարող ես հասկանալ, որ վտանգի մեջ ես: Բայց այդ գիշատիչ հայացքից այն կողմ տեսնում ենք էգ լայկային, որը խաղային վիճակում է և պոչն է շարժում: Ու մի շատ անսովոր բան է կատարվում: Այդ հաստատուն վարքագիծը, որը կայուն և անփոփոխ է և որը սովորաբար ավարտվում է ինչ-որ բան խժռելով, փոխվում է: Այս հյուսիսային արջը կանգնում է լայկայի մոտ: Ո՛չ ճանկերն են երևում, ո՛չ էլ ժանիքները: Ու կարծես նրանք սկսում են բալետի մի անհավանական ներկայացում:
Մի խաղ-բալետ, որի համար պարտական ենք բնությանը. այն մի կողմ է թողնում գիշատիչ էությունն ու այն, ինչն այլ դեպքում կարող էր վերածվել մահացու պայքարի: Եթե սկսեք ավելի ուշադիր նայել լայկային, որը կոկորդը դեմ է արել հյուսիսային արջին, կտեսնեք, որ նրանք վերափոխված վիճակում են` խաղային վիճակում: Սա հենց այն կարգավիճակն է, որը թույլ է տալիս այս երկու արարածներին հայտնաբերել նոր հնարավորություններ: Նրանք սկսում են անել այնպիսի բաներ, որ չէին անի խաղային ազդանշանների բացակայության դեպքում: Եվ սա հիանալի օրինակ է, թե ինչպես ուժերի միջև տարբերությունը կարող է անտեսվել բոլորիս մոտ առկա բնական մի գործընթացի շնորհիվ:
Այժմ այն մասին, թե ես ինչպես տարվեցի այս ամենով: Ջոնը նշեց, որ ես որոշ ժամանակ գործ եմ ունեցել մարդասպանների հետ, և դա, իրոք, այդպես է: Տեխասցի դիպուկահարը բացեց իմ աչքերը խաղի կարևորության վերաբերյալ: Հետադարձ հայացք գցելով նրա կատարած ողբերգական մասսայական սպանություններին ու դրանք խորությամբ ուսումնասիրելով` մենք հայտնաբերեցինք, որ այդ անձը միանգամայն զրկված է եղել խաղալու հնարավորությունից: Նրա անունը Չարլզ Ուայթմեն էր: Մեր հանձնաժողովը, որը կազմված էր շատ լուրջ գիտնականներից, այդ ուսումնասիրության վերջում եկավ այն եզրակացության, որ խաղի բացակայությունը և դրա նորմալ զարգացման խաթարումները խաթարումները աստիճանաբար ճնշել էին նրան, դարձրել ավելի խոցելի և դրդել նման ոճրագործության: Իսկ ժամանակը հաստատել էր այդ բացահայտման իսկությունը. ցավոք, նույնիսկ վերջերս ականատես եղանք Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի դեպքերին:
Բնակչության ռիսկային խավերի շրջանում կատարված այլ ուսումնասիրությունները ևս ինձ ստիպեցին գիտակցել խաղի կարևորությունը, բայց իրականում ես այդքան էլ լավ չէի ըմբռնում դրա էությունը: Երկար տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց «խաղային» պատմություններն ուսումնասիրելուց հետո միայն ես հասկացա, որ այդ մասին լիակատար պատկերացում իրականում չեմ ունեցել: Թեև չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկն ունի այդ ամբողջական պատկերացումը: Դրա շուրջ կան տեսակետներ, որոնք կարող են ձեզ հուշել... մե՛զ հուշել դրա մասին մտածելու մի եղանակ`տաքսոնոմիա:
Մարդկանց համար այս պատկերը խաղի սկզբնակետն է: Երբ նորածինն ու մայրը հանդիպում են հայացքներով, և նորածինը բավականաչափ մեծ է մարդամոտ կերպով ժպտալու համար, մայրն ինքնաբերաբար պոռթկում է ուրախությունից: Նա սկսում է քնքուշ բառեր շշնջալ, գուրգուրել ու ժպտալ, և նույնն անում է երեխան: Եթե էլեկտրոինսեֆալոգրամ միացնենք նրանց գլխին, ապա կնկատենք, որ նրանցից յուրաքանչյուրի ուղեղի աջ կիսագունդը սկսում է լարվել. այսպես կարող ենք պատկերացում կազմել ամենավաղ խաղի երջանիկ դրսևորման ու դրա ֆիզիոլոգիական կողմի մասին:
Եվ ես կուզենայի, որ դուք հասկանաք.մեզ`մարդկանց համար ավելի բարդ խաղի յուրաքանչյուր մասնիկ կառուցվում է հենց այս հիմքի վրա: Եվ այսպես, ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ խաղի դիտարկման ձևերից մեկը, որն, իհարկե, միակը չէ:
Մենք հիմա կդիտենք մարմնամարզական մի խաղաձև, որի նպատակը պարզապես ձգողականության ուժից ազատվելու բնական ցանկությունն է: Սա քարայծ է: Եթե ձեր օրը վատ է ընթանում, փորձեք այս եղանակը. վեր ու վար ցատկեք, թռչկոտեք և ձեզ ավելի լավ կզգաք: Դուք կարող եք զգալ ինչպես այս հերոսը, որը նույնպես միայն իր հաճույքի համար է անում սա: Նա որևէ կոնկրետ նպատակ չի հետապնդում, և հենց դա է կորևորվում խաղի ժամանակ: Եթե նպատակը ավելի կարևոր լինի, քան բուն խաղի գործընթացը, ապա, հավանաբար դա կդադարի խաղ լինելուց:
Գոյություն ունի նաև բոլորովին այլ տեսակի խաղ. խաղ առարկաների հետ: Այս ճապոնական մակակը ձնագնդի է սարքել, և ահա պատրաստվում է այն բլուրից ցած գլորել: Նրանք չեն նետում դրանք միմյանց վրա, սակայն սա վկայում է նրանց խաղալու ընդունակության մասին: Մարդկային ձեռքն առարկաների հետ բարդ գործողություններ կատարելիս կարծես ուղեղի կարիքն ունի: Ուղեղն էլ իր հերթին կարծես փնտրում է ձեռքին, , և խաղն այն միջին օղակն է, որի օգնությամբ էլ այդ երկուսը կապվում են միմյանց:
JPL-ը (ռեակտիվ շարժիչների լաբորատորիա), որի մասին առավոտյան լսեցինք, հիանալի մի վայր է: Այնտեղ աշխատում են երկու խորհրդատուներ` Ֆրանկ Վիլսոնն ու Նեյթ Ջոնսոնը: Ֆրանկ Վիլսոնը նյարդաբան է, Նեյթ Ջոնսոնը` մեխանիկ: Վերջինս մեխանիկա էր դասավանդում Լոնգ Բիչի ավագ դպրոցում և նկատել էր, որ իր ուսանողներն այլևս չէին կարողանում խնդիրներ լուծել: Նա փորձում էր հասկանալ պատճառը: Եվ միանգամայն ինքնուրույն հանգեց այն եզրակացության, որ ուսանողներն, ովքեր այլևս ի վիճակի չէին լուծել այնպիսի խնդիրներ, ինչպես օրինակ մեքենաների նորոգումն է, նախկինում երբեք չէին աշխատեցրել իրենց ձեռքերը: Ֆրանկ Վիլսոնը գրել էր “The hand” (“Ձեռքը”) կոչվող գիրքը: Այսպես, նրանք միավորվեցին, JPL-ն վարձեց նրանց: Այժմ JPL-ը, NASA-ն (Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչություն) և Boeing-ը, նախքան հետազոտական և զարգացման հետ կապված խնդիրներ լուծող մասնագետ վարձելը, համոզվում են, որ եթե նա նույնիսկ գերազանց ավարտել է Հարվարդի կամ Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանը, պետք է անպայման նախկինում նորոգած լինի մեքենաներ, զբաղված լինի որևէ ձեռնախաղով կամ ձեռքի աշխատանքով, այլապես դարձյալ չի կարողանա որևէ խնդիր լուծել: Այսպիսով, ակնհայտ է խաղի գործնական բնույթն ու կարևոր նշանակությունը:
Խաղի հետ կապված հարկ է նշել նաև, որ այն ծնվում է հետաքրքրասիրության և ուսումնասիրելու ձգտման արդյունքում: (Ծիծաղ): Բայց դա պետք է լինի անվնաս ուսումնասիրություն: Այս դեպքում ամեն ինչ նորմալ է, այս փոքրիկ տղային հետաքրքրում է մարդու անատոմիան, իսկ կինը նրա մայրն է: Այլ իրավիճակում դա այդքան էլ նորմալ չէր դիտվի: Այնուամենայնիվ հետաքրքրասիրությունը և ուսումնասիրելու ցանկությունը խաղի մի մասն են կազմում: Եթե դուք ուզում եք շփվել, ուրեմն սոցիալական խաղի կարիք ունեք: Իսկ վերջինս այսօրվա մեր քննարկման թեմաններից մեկն է: Այն կարծես խաղի համար կողմնակի արտադրանք լինի:
Կոպիտ ու անկարգ մի խաղ. հեռվից նայելով այս էգ առյուծներին կարող ենք կարծել, թե դրանք կռվում են: Բայց եթե ավելի մոտիկից նայենք, կտեսնենք, որ դրանք նման են հյուսիսային արջին ու լայկային. ճանկեր չկան, մորթին հարթ է, աչքերը` խաղաղ, բերանը բաց է, սակայն չեն երևում ժանիքները, փոխարենը նկատելի են բալետային, կորագիծ շարժումները, որոնք բոլորն էլ բնորոշ են խաղին: Կոպիտ ու անկարգ խաղը սովորելու գործընթացին նպաստող կարևոր միջոց է: Օրինակ, նախադպրոցական տարիքի երեխաներին պետք է թույլատրվի սուզվել, հարվածել, սուլել, ճչալ, խառնաշփոթ առաջացնել և այդ կերպ զարգացնել հույզերի կարգավորումն ու շատ այլ կողմնակի հասարակական ընդունակություններ (ճանաչողական, հուզական և ֆիզիկական), որոնք առաջ են գալիս այդ կոպիտ և թավալգլոր տալու խաղերից:
Դիտողական խաղ. ավանդական խաղ, որում հաճախ ինքներս ենք ներգրավված լինում: Ձեզանից նրանք, ովքեր Բոստոնից են, գիտեն, որ սա մի բացառիկ պահ է, երբ Ռեդ Սոքսը հաղթեց Աշխարհի Առաջնությունում: Բայց հապա ուշադրություն դարձրեք այս խառը նկարում նրանցից յուրաքանչյուրի դեմքի արտահայտությանն ու մարմնի շարժումներին և կզգաք, որ նրանք բոլորն էլ խաղի մեջ են:
Երևակայական խաղ: Սիրում եմ այս նկարը, որովհետև նկարում իմ դուստրն է, որն այժմ գրեթե քառասուն տարեկան է. այս նկարն ինձ հիշեցնում է նախադպրոցական տարիքում նրա երևակայության, պատմություններ ու հեքիաթներ պատմելու նրա ունակության մասին: Խաղային ընդունակությունը զարգացնելու համար իսկապես կարևոր է առանձին երևակայական խաղը:
Սիրում եմ նաև այս նկարը, որովհետև սա հենց այն է, ինչ մենք սովորաբար անում ենք: Բոլորիս ներսում էլ կա մի պատմություն.այսինքն, դա մեր սեփական ներքին պատմությունն է: Պատմության ճիշտ ըմբռնումը մեր ուղեղի ընկալունակության միավորն է: Այսօր ես ձեզ ներկայացնում եմ պատմություն խաղի մասին: Կարծում եմ` այս բուշմենը (հարավաֆրիկյան թափառաշրջիկ ցեղ) խոսում է այն մասին, թե ինչպես ձեռքից բաց թողեց մի մեծ ձուկ. բայց իրականում հենց սա է ընկած խաղի հիմքում:
Այսպիսով ի՞նչ է անում խաղն ուղեղի համար: Շատ բան:
Մենք շատ բան չգիտենք մարդկային ուղեղի վրա դրա ունեցած ազդեցության մասին, որովհետև խաղի հետազոտության համար անհրաժեշտ ֆինանսավորումն այդքան էլ մեծ չէր: Ես դիմեցի Կարնեգի հիմնադրամին` խնդրելով դրամական օգնություն: : Երբ դեռևս ակադեմիկոս էի, նրանք ինձ մեծ դրամական օժանդակություն էին հատկացրել հարբած վարորդների օրինազանցությունների ուսումնասիրության համար, և կարծում էի, թե դրանով պետք է որ բարի համբավ վաստակած լինեի: Եվ մինչ ես կես ժամ շարունակ խոսում էի խաղի մասին, ակնհայտ դարձավ, որ նրանք չէին… չէին գիտակցում խաղի լրջությունը: Դա մի քանի տարի առաջ էր, իսկ այժմ կարծում եմ, որ մոտեցումները փոխվել են, և խաղի հանդեպ հետաքրքրությունն այժմ աճում է, որովհետև գոյություն ունի դրա վերաբերյալ գիտություն:
Ոչինչ այնպես չի լուսավորում մեր ուղեղը, ինչպես խաղը: Եռաչափ խաղը բորբոքում է ուղեղիկը, առաջնային բլթակում ակտիվացնում է ազդակները, օգնում է զարգացնել համատեքստային հիշողությունը և այլն, և այլն:
Այդ պատճառով էլ սա ինձ համար ծայահեղ համարձակ փորձ է. դիտարկել նյարդակենսաբանության ու խաղի միջև կապը և հավաքել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը` որպես անհատ, խաղն այդ տեսանկյունից երբեք չի դիտարկել: Եվ սա Խաղի Ազգային Ինստիտուտի գործառույթներից մեկն է: Խաղի գործընթացն ուսումնասիրելու միջոցներից մեկը 256 հաղորդիչներով ամրացված էլեկտրոէնսեֆալոգրամ կոչվող սարքն է: Կներեք, սա այդքան էլ խաղին տրամադրող առարկա չէ, բայց այն դյուրաշարժողականության հնարավորություն է տալիս, որի սահմանափակումն էլ զրկում էր մեզ խաղի ընթացքն ուսումնասիրելու հնարավորությունից: Մենք արդեն տեսանք մոր և նորածնի խաղի տեսարանը, որն էլ, հուսամ, այժմ կկարողանանք լրացնել:
Սա արվում է, որպեսզի ես այդ ընթացում կարողանամ հավաքել մտքերս ու հստակ ներկայացնեմ խաղի դերն ու նշանակությունը մեր կյանքում: Կենդանական աշխարհն արդեն բացահայտել է այդ դերը: Օրինակ, առնետները խաղի վերաբերյալ կոնկրետ պատկերացում ունեն, երբ դեռ ավելի փոքր են: Մենք կարող ենք նույնիսկ փորձել ճնշել դրա զարգացումը. միևնույն է, նրանք ծվծվում են, կռվում, վնասում միմյանց. այսպես նրանք խաղում են: Եթե դուք թույլ չտաք, որպեսզի սա տեղի ունենա փորձարարական առնետների առաջին խմբում և ճիշտ հակառակն անեք երկրորդ խմբում, իսկ հետո առնետների վզին կապեք կատվի հոտ ունեցող վզկապ, ապա նրանք բնազդաբար կփախչեն և կթաքնվեն: Շատ տրամաբանական է. նրանք չեն ուզում, որ կատուն վնասի իրենց: Իսկ ի՞նչ է կատարվում հետո: Երկու խմբերն էլ թաքնվում են: Առնետները, որոնք երբեք չեն խաղացել, այդպես էլ դուրս չեն գալիս, սատկում են: Իսկ որոնք խաղացել են, սկսում են զննել ու ստուգել տարածքը: Սա ապացուցում է, (համենայն դեպս առնետների դեպքում, որոնք իմ կարծիքով ունեն ճիշտ նույն նեյրոմիջնորդանյութն ու գլխուղեղի կառուցվածքն, ինչպիսին մերն է), որ խաղը կարող է մեր գոյատևման համար շատ կարևոր լինել:
Եվ այսպես շարունակ, ես կարող եմ կենդանիների հետ կապված բազում օրինակներ բերել:
Այժմ տեսեք. խաղի պակասի հետևանքները: (Ծիծաղ): Սա բավական ժամանակ պահանջեց. ես ստիպված եղա Հոմերին անցկացնել FMRI-ի և SPECT-ի միջով, հետո ավելացնել EEG-ները, սակայն ինչպես յուրաքանչյուր անբան մարդու ուղեղ, նրա ուղեղը ևս արգելակվեց: Ու մենք գիտենք, որ իրոք, բոլոր կենդանիների, այդ թվում և առնետների մոտ խաղի բացակայության դեպքում ուղեղը նորմալ չի զարգանում:
Այժմ մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ խաղին հակադրվում է ոչ թե աշխատանքը, այլ դեպրեսիան: Կարծում եմ` պատկերցնել կյանքն առանց խաղի, ասել է թե պատկերացնել կյանքն առանց հումորի, առանց սիրախաղի, առանց ֆիլիմի, առանց երևակայության և այլն, և այլն: Ապա փորձեք պատկերացնել որևէ մշակույթ կամ կյանք, կապ չունի մեծերի թե փոքրերի, առանց խաղի: Մարդկության յուրահատկությունն, իսկապես, այն է, որ մենք կարծես ստեղծվել ենք ողջ կյանքի ընթացքում խաղալու համար:
Եվ մենք բոլորս էլ ունեք խաղային ազդանշանների հանդեպ արձագանքելու ընդունակություններ: Բոլորդ էլ տեսնում եք այս շանը, որին ես նկարել եմ Կարմել ծովափին մի քանի շաբաթ առաջ: Այն, ինչ այժմ տեղի կունենա, հենց խաղ է: Կարող եք դրանում վստահ լինել: Մարդկային վստահության հիմքում ընկած են խաղային ազդանշանները: Ու մենք տարիքի հետ սկսում ենք կորցնել այդ ազդանշանները`բոլոր տեսանկյուններից: Եվ դա վատ է: Կարծում եմ, որ մենք սովորելու շատ բան ունենք:
Ահա Ջեյն Գուդոլը` դեմքի խաղային արտահայտությամբ,իր սիրելի շիմպազեներից մեկի հետ: Այսպիսով, խաղի ազդանշանային համակարգը մասամբ կապված է ձայնի, դեմքի, շարժումների, մարմնի հետ: Երևի նկատած կլինեք (ես ինքս էլ համաձայն եմ այդ մտքին), որ երբ մենք խմբակային խաղեր ենք խաղում, խմբի համար կարևոր է ապահովության զգացում հաստատել` սեփական խաղային ազդանշանների փոխանցման միջոցով:
Գուցե այս բառը ձեզ ծանոթ չէ: Բայց լավ կլիներ, եթե այն ձեր կենսաբանական անվան կամ ազգանվան պես կարևոր դառնար ձեզ համար: Որովհետև <> նշանակում է պատանեկան որակների պահպանում հասուն տարիքում: Ու ինչպես կարծում են ֆիզիկական մարդաբանության մասնագետները, ինչպես վկայում են բազում ուսումնասիրություններ, մենք բոլոր արարածներից ամենաճկունն ենք, ամենաառույգն ու ամենապլաստիկը: Եվ հետևաբար մենք խաղալու ամենամեծ հնարավորությունն ունենք: Սա մեծացնում է հարմարվելու հնարավորությունը:
Խաղի ուսումնասիրության մեկ այլ միջոց էլ կա, որի վրա ես կցանկանայի հատկապես կանգ առնել. խաղի պատմությունը: Մեր անձնական խաղի պատմությունը յուրօրինակ է, հաճախ մենք դրա մասին չենք էլ մտածում:
Այս գրքի հեղինակն է խաղի մեծ վարպետ Քեյվին Քերոլը: Քեյվին Քերոլը մեծացել է շատ սուղ պայմաններում. նա սևամորթ էր, ապրում էր Ֆիլադելֆիայի թաղամասերից մեկում, հայր չուներ, մայրն էլ հարբեցող էր, ու ինքը ստիպված էր հոգ տանել փոքր եղբոր մասին: Բայց նա գիտակցեց այն հաճելի զգացումը, որն իրեն համակում էր պատուհանից խաղահրապարակին նայելիս. մինչդեռ ինքը կարծես բանտարկված լիներ: Ու նա հետևեց այդ զգացմանը: Կարողացավ փոխել իր կյանքը, հնարավոր զրկանքների, բանտի և մահվան փոխարեն, նա այլ ճանապարհ ընտրեց. դարձավ լեզվաբան, դասախոս 76-ականներին և այժմ արդեն պահանջված խոսնակ է: Նա խաղը համարում է իր ամբողջ կյանքը ձևափոխող ուժ:
Այժմ դիտարկենք խաղի մեկ այլ պատմություն, որը ինչպես ես եմ ենթադրում, դեռ ուսումնասիրության ընթացքում է: Նրանք, ովքեր հիշում են Ալ Գորին նախագահական ընտրությունների առաջին փուլում և արդեն հետո` հաջողությամբ առաջադրված, սակայն չընտրված, կհիշեն, թե որքան ընկճված էր նա, կարծես ինքն իրեն նման չլիներ: Համենայն դեպս հանրության առաջ: Եվ աչք գցելով նրա պատմության վրա, որը հասանելի է մամուլի միջոցով, ես կարծում եմ, որ, գոնե հոգեբանի տեսանկյունից, նրա կյանքի մեծ մասը ծրագրված է եղել: Ծանրաբեռնված ամառներ, լարված աշխատանք տոթակեզ Թենեսիում: Նրան ճնշում էին սենատոր հոր և Վաշինգտոնի սպասելիքները: Ու չնայած կարծում եմ, որ նա հաստատ ուներ խաղային ընդունակություններ, քանի որ ինքս ինչ-որ բան հասկանում եմ այդ ոլորտում, նա չուներ այն ոգեշնչող ներքին ուժը, որն ունի այժմ` հաշվի առնելով, թե այժմ նա ինչով է տարված ու ինչ ներքին մղումներ ունի: Իսկ այդ ներքին մղումներն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն բոլորիս խաղերի պատմության մեջ:
Ուստի խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուրդ ետ պտտեք ձեր կյանքի անիվն ու գնաք այնքան հեռու, մինչև հասնեք ձեր կյանքի ամենապարզ, ուրախ ու խաղով լեցուն պատկերին: Կապ չունի` այն կապված է խաղալիքի, ծննդյան, թե արձակուրդի հետ: Փորձե’ք վերականգնել այդ պատկերը`սկսած այդ պահի հույզերից մինչև ներկա և փորձեք հասկանալ, թե այժմ ինչ կապ ունի այդ պատկերը ձեր կյանքի հետ: Հնարավոր է` դրանից հետո փոխեք ձեր աշխատանքը ինչը և կատարվեց մի շարք մարդկանց հետ, ովքեր հետևեցին խորհրդիս), որպեսզի ներշնչվեք ձեր «խաղով»: Կամ էլ դուք կկարողանաք հարստացնել ձեր կյանքը` ընդգծելով առաջնահերթություններն ու ուշադրություն դարձնելով դրանց:
Մեզանից շատերն աշխատում են խմբերի հետ, ու ես սա այստեղ եմ տեղադրել, քանի որ Ստենֆորդի դիզայներական <<Դ>> դպրոցը` շնորհիվ Դեյվիդ Քելլիի և շատ ուրիշների, ովքեր երազել են դրա ստեղծման մասին, հնարավորություն ընձեռեց հավաքվել մեր խումբն ու ստեղծել մի դասընթաց, որը պիտի կոչվեր <<Խաղից դեպի նորարարություն>>: Դուք կհամոզվեք, որ այս դասընթացը մշակված է ուսումնասիրելու մարդու խաղային վիճակը, որը հիշեցնում է հյուսիսային արջի ու լայկայի պատկերը, ինչպես նաև այդ խաղային վիճակի կարևորությունը ստեղծագործ մտքի համար: Խաղային վարքագիծն ուսումնասիրելու համար ուսումնասիրենք նաև դրա զարգացումն ու կենսաբանական հիմքերը: Այնուհետև դիզայնի օգնությամբ կյանքի կոչենք այս սկզբունքները` խթանելով նորամուծությունների ներմուծմանը կորպորատիվ աշխարհում: Իսկ ուսանողները կաշխատեն իրական գործընկերների հետ` ներկայացնելով իրենց դիզայներական նախագծերը, որոնք հետագայում լայն կիրառում կունենան:
Սա մեր անդրանիկ փորձն է: Գրեթե երեք ամիս է, ինչ աշխատում ենք այս նախագծի շուրջ, և դա իսկապես հիանալի է: Սա մեր փայլուն աշակերտն է, ով շատերիս սովորեցրեց, թե ինչ է խաղային վիճակը, իսկ այս ամենի պատասխանատուն այս տարիքով, զառամյալ պրոֆեսորն է: Ահա Բրենդոն Բոյլը, Ռիչի Կրենդալը, իսկ բոլորից աջ այն մարդն է, ով ըստ իս, պետք է Ջորջ Սմութի հետ միասին ստանա Նոբելյան Մրցանակ` նյարդակենսաբանության ոլորտում. ահա և Սթյուարտ Թոմսոնը: Այստեղ է Բրենդոնը, ով IDEO-ից է, իսկ մնացածը մի կողմ են քաշվել ու հետևում են, թե ինչպես են ուսանողները դասասենյակային պայմաններում գործնականում կիրառում խաղի վերոհիշյալ սկզբունքները: Նախագծերից մեկի նպատակն էր հասկանալ գործնական հանդիպումների այդքան ձանձրալի լինելու պատճառն ու դրանք հետաքրքիր դարձնել: Այն, ինչ հիմա կդիտեք, ուսանողների նկարահանած ֆիլմն է` նվիրված հենց այդ թեմային:
Հեղինակի ձայնը. Մարդկային ուշադրությունը մի ցնորային հոգեվիճակ է, երբ մարդն ամբողջովին խորասուզված է իր գործի մեջ: Այն երաշխավորում է լիարժեք ներգրավածություն, առավելագույն կենտորնացում ու աշխատանքի հաջող ավարտ:
Գործնական հանդիպումենրի հետ կապված ամենակարևոր ու հիմնական բացահայտումն այն է, որ մարդիկ դրանք նշանակում են մեկը մյուսի հետևից` խախտելով օրվա ընթացքը: Հանդիպման մասնակիցները չգիտեն, թե երբ կկարողանան վերադառնալ այն աշխատանքին, որից շեղվել են: Բայց բնավ էլ պարտադիր չէ, որ գործնական հանդիպումները հենց այդ ձևաչափով անցկացվեն:
<<Դ դպրոց>> կոչվող այս վայրում մի քանի գիտուններ հնարել են գործնական հանդիպումների մի ձևաչափ, ըստ որի` կարող ես դուրս գալ հանդիպումից դրա ավարտից անմիջապես հետո: Այսպես ասած, “հանիր” հանդիպումն ու հանգիստ եղիր, քանի որ միշտ էլ կարող ես դրան վերադառնալ: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, այն պարզապես զգեստի պես կախված կլինի պահարանումդ:
<<Հանդիպում, որը կարող ես հագնել>>: Քանի որ, այն հագնելուն պես, անմիջապես ստանում ես հաճելի, հետաքրքիր ու ոչ ձանձրալի հանդիպման համար անհրաժեշտ ամեն ինչ: Իսկ երբ հանում ես այն… ահա թե երբ է կատարվում իրական գործողությունը:
Սթյուարտ Բրաուն. Այսպիսով, կոչ եմ անում ձեզ` բոլորիդ, համախմբվել չտարանջատել խաղն աշխատանքից. ոչ թե խաղին առանձին ժամանակ հատկացրեք, այլ ձեր կյանքի ամեն րոպեն, ամեն ժամը լցրեք խաղերով մարմնամարզական խաղերով, առարկաների հետ կապված խաղերով, հասարակական, փոխակերպական ու երևակայական խաղերով: Կարծում եմ` այդ դեպքում ձեր կյանքը կդառնա առավել հետաքրքիր: Շնորհակալություն:
Ջոն Հոքենբերի. Ինձ թվում է` դուք շեշտում եք, որ խաղը կարող է շատ գրավիչ լինել մարդկանց համար, ովքեր կլսեն ու կհետևեն այդ խորհուրդներին: Խաղի մասին խորը պատկերացում չունեմ, բայց կարծեմ լսել եմ, որ ինչոր առումով մարդիկ ու կենդանիները խաղին վերաբերում են այնպես, կարծես այն իրենց հետագա զբաղմունքի նախնական փորձը լինի: Ձեր աշխատանքը, որքան հասկացա, ճիշտ հակառակն է վկայում:
Ս. Բ. Դե, կարծում եմ, իրոք, հակառակն է, քանի որ կենդանիներն են մեզ այդպես սովորեցրել: Եթե դուք կատվին զրկեք խաղից, իսկ դա լրիվ հնարավոր է, ու մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես են կատուները զվարճանում, ապա նրանք կմնան այն նույն գիշատիչները, որպիսին կլինեին, եթե երբեք խաղացած չլինեին: Պատկերացրեք երեխային, որը երևակայում է, թե ինքը քինգ-քոնգ է, կամ ավտոմրցարշավորդ, կամ հրշեջ. իրականում նրանք ոչ բոլորն են դառնում մրցարշավորդներ, կամ հրշեջներ: Տեսնում եք`կապը խաղի ու ապագային պատրաստվելու միջև այլևս ընդհատված է, գիտեմ, որ մարդկանց մեծ մասը հենց դա է վերագրում խաղին ու դրան վերաբերում որպես առանձին կենսաբանական երևույթի:
Եվ չորս-հինգ տարի կենդանիներին “հետապնդելուց” հետո միայն հասկացա, որ խաղը կենսաբանական գործընթաց է, ինչպես քունն ու երազները: Եթե դիտարկեք քունն ու երազները կենսաբանական տեսանկյունից, կտեսնեք, որ կենդանիներն էլ են քնում ու երազներ տեսնում. նրանք որոշակի գործողություններ են կատարում, որոնք էլ նպաստում են հիշողությանն ու շատ կարևոր են քնելու և երազներ տեսնելու համար:
Կաթնասունների և լավ զարգացած նյարդային համակարգով արարածների համար էվոլյուցիայի հաջորդ քայլը կլինի այն, որ նրանք կկարողանան խաղալ: Եվ այն փաստը, որ սպիտակ արջն ու լայկան, կամ ագռավն ու աղվեսը, կամ դուք ու ես մեր շների հետ կարող ենք խաղալ, թույլ կտա, որ խաղը դիտարկենք որպես առանձին մի երևույթ: Այն շատ կարևոր է սովորելու և ուղեղը մարզելու համար: Ուստի խաղը պարզապես ազատ ժամանակը լցնելու միջոց չէ:
: Ջ. Հ. Գիտեմ, որ հետազոտող գիտնականների միության անդամ եք և բոլորի նման պետք է առաջարկներ անեք ու դրամաշնորհներ ստանաք. Ինչպե՞ս է ձեզ հաջողվում ձեր հավաքած տվյալներն ու այսպիսի լուրջ գիտության տեղեկատվությունը, որի մասին դուք խոսում եք, “փրկել” մարդկանց կողմից սխալ կիրառվելուց: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում այնպես անել, որ Մոցարտի պատմության նման, ձեր աշխատանքի վերաբերյալ մամուլի և գիտական հանրության մեկնաբանությունները ևս խաղալիք չդառնան մարդկանց ձեռքին. <<Օ~, ՄՌՀ-ն ապացուցել է, որ խաղը բարելավում է ինտելեկտը: Եկեք երեխաներին հավաքենք,գրիչներ տանք նրանց ձեռքն ու ստիպենք, որ ամիսներ շարունակ խաղան:Նրանք բոլորը կդառնան հանճարներ և կընդունվեն Հարվարդի համալսարան>>: Ինչպե՞ս եք կանխում ձեր հավաքած տեղեկատվական բազայի կիրառումը:
Ս. Բ. Կարծում եմ, որ ինձ հայտնի միակ միջոցը սա է. հավաքել ինձ հետ աշխատող բոլոր գործնական մարդկանց, ովքեր կարող են իմպրովիզացիայի, պատճենման ու էլի ինչ-որ ձևերով ստանալ խաղային վիճակներ: Այսպես մարդիկ կիմանան` որն է իսկական խաղը: Այնուհետև դիմում եք ՖՄՌՀ-ի մասնագետ Ֆրենկ Վիլսոնի օգնությանը, համագործակցում եք ուրիշ լուրջ մասնագետների, այդ թվում` նյարդաէնդոկրինոլոգների հետ ու նրանց միավորում եք մեկ խմբի մեջ, որը կկենտրոնանա խաղի վրա. այդ դեպքում արդեն դժվար թե դա լուրջ չընդունվի:
Ցավոք, ո’չ Գիտությունների Ազգային Հիմնադրամը, ո’չ Մտավոր Առողջության Ազգային Ինստիտուտը, ոչ էլ որևէ այլ հաստատություն հարկ եղած լրջությունը չեն ցուցաբերել այս հարցին: Նկատի ունեմ, որ դուք այժմ չեք լսի այն մասին, որ քաղցկեղը կամ սրտանոթային հիվանդությունները կապ ունեն խաղի հետ: Այդուհանդերձ, ես խաղը դիտում եմ որպես գոյության պայքարում հաղթելու ամենահիմնական սկզբունքներից մեկը, այնպես ինչպես պարտավոր ենք պատկերացում կազմել հանրային առողջապահության մասին:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Խաղի ուսումնասիրության բնագավառի առաջնորդ պրոֆեսոր Սթյուարտ Բրաունն ասում է, որ հումորը, խաղերը, սիրախաղն ու երևակայությունը ավելին են, քան պարզապես խաղը: Փոքր ժամանակ շատ խաղալը նպաստում է հասուն տարիքում երջանիկ ու խելացի լինելուն, իսկ խաղով մշտապես զբաղվելը զարգացնում է հնարամտությունը յուրաքանչյուր տարիքում:
Stuart Brown's research shows play is not just joyful and energizing -- it's deeply involved with human development and intelligence. Through the National Institute for Play, he's working to better understand its significance. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Meri Dallakyan
Comments? Please email the translators above.
09:18 Posted: Dec 2007
Views 1,860,278 | Comments 306
18:55 Posted: Oct 2008
Views 1,118,536 | Comments 165
27:58 Posted: Nov 2008
Views 892,699 | Comments 98
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.