Տաս տարի առաջ երեքշաբթի առավոտյան ես իրականացրեցի թռիչք պարաշյուտից Ֆորթ Բրեգգում, Հյուսիսային Կարոլինայում: Դա սովորական ուսումնական թռիչք էր` նման այն բազմաթիվ թռիչքների, որոնք ես արել եմ 27 տարի առաջ պարաշյուտիստ-դեսանտ դառնալուց ի վեր: Մենք շուտ գնացինք թռիչքուղի, որովհետև սա բանակ է, և դու միշտ ես շուտ գնում: Դու անում ես մի քանի սովորական թարմացնող վարժություններ և հետո գնում ես պարաշյուտդ հագնելու, և ընկերդ օգնում է քեզ: Եվ դու հագնում ես T-10 պարաշյուտը: Եվ դու շատ ուշադիր ես կապում ամրագոտիները, հատկապես ոտքերի ամրագոտիները, որովհետև նրանք անցնում են ոտքերիդ արանքով: Եվ հետո դու հագնում ես պահեստային պարաշյուտը, իսկ դրանից հետո ծանր ուսապարկը: Եվ հետո գալիս է հրահանգիչը, ով Ազգային ուսումնական կենտրոնում պարաշյուտային թռիչքների վարպետ է: Նա ստուգում է քեզ, ձեռք է տալիս ձգված ամրագոտիներին և ամեն ինչ ձգում է այնպես, որ կրծքավանդակդ ջարդվում է, ուսերդ ճզմվում են և, իհարկե, ձայնդ երկու օկտավով բարձրանում է: Հետո դու նստում և սպասում ես որոշ ժամանակ, որովհետև սա բանակ է: Հետո դու բեռնում ես ինքնաթիռը, ապա կանգնում, պատրաստվում, և դժվարությամբ շարժվում դեպի սրա նման մի ինքնաթիռ, և կանգնում մարդկանց հերթում, ապա նստում ես ինքնաթիռի երկու կողմում բրեզենտե նստարանին: Այնուհետև նորից սպասում ես, որովհետև հենց օդային ուժերն են սովորեցնում բանակին սպասել:
Հետո դու օդ ես բարձրանում: Եվ այն բավականաչափ ցավոտ է, և ես կարծում եմ, որ դա միտումնավոր է այդպես արված, պետք է այնքան ցավոտ լինի, որ դու ցանկանաս ցատկել: Դու իսկապես չես ուզում ցատկել, բայց ուզում դուրս ազատվել: Եվ այսպես, դու նստած ես ինքնաթիռում և թռչում ես, և ցատկից 20 րոպե առաջ հրահանգիչները սկսում են քեզ հրամաններ տալ: Նրանք հայտարարում են «20 րոպե»։ Դա նախազգուշացում է: Եվ դու շարունակում ես նստած մնալ: Ապա նրանք տալիս են քեզ նախազգուշացում «10 րոպե»: Եվ, իհարկե, դու այդ բոլորին արձագանքում ես: Եվ այս ամենը նրա համար է, որպեսզի բարձրացնես բոլորի վստահությունը և ցույց տաս, որ չես վախենում: Հետո նրանք հրամայում են. «Պատրաստվե´լ»: Ապա` ասում են. «Նրանք, ովքեր ցատկում են, կանգնե´ք»: Հետևաբար եթե դու պիտի ցատկես` կանգնում ես: Եթե դուս չես ցատկում, նույնպես կանգնում ես: Հետո դու ամրացվում ես և այդպես կանգնում ես շարք: Եվ հենց այդ պահին դու մտածում ես. «Գիտեք ի՞նչ: Հավանաբար ես ցատկելու եմ: Այդ պահից հետդարձի ճանապարհ չկա»: Քեզ ևս մի քանի անգամ ստուգում են և հետո բացում են դուռը:
Եվ դա սեպտեմբերի երեքշաբթի առավոտն էր, դրսում շատ լավ եղանակ էր: Այսպիսով, մաքուր օդ է նեռս խուժում: Հրահանգիչները սկսում են ստուգել դուռը: Եվ հետո, երբ գալիս է ցատկելու պահը, կանաչ լույս է վառվում, և հրահանգիչը տալիս է «Առաջ» հրամանը: Առաջին երիտասարդը ցատկում է, և դու կանգնած ես նրանից հետո և դու դժվարությամբ շարժվում ես դեպի դուռը: «Ցատկ»-ը ճիշտ չի բնութագրում, դու ուղղակի ընկնում ես: Դու ընկնում ես դռնից դուրս, ընկնում օդի հոսանքի մեջ: Առաջին բանը, որ անում ես, դա խմբվելն է: Գլուխդ կպցնում ես կրծքիդ, ձեռքերդ բացված են, գտնում ես քո պահեստային պարաշյուտը: Դու անում ես դա, որովհետև 27 տարի առաջ օդային սերժանտը սովորեցրել է քեզ անել դա: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե ես դա չանեմ, բայց նա կարծես գիտեր բանն ինչումն է, և ես չէի պատրաստվում փորձարկել այն հիպոթեզը, որ միգուցե նա սխալ էր: Եվ հետո դու սպասում ես պարաշյուտի բացման ցնցմանը: Եվ եթե քեզ թափ չի տվել, ուրեմն պարաշյուտը չի բացվել, և քեզ մոտ ի հայտ են գալիս նոր խնդիրներ: Բայց սովորաբար քեզ թափ է տալիս, սովորաբար այն բացվում է: Իհարկե, եթե քո ոտքերի ամրագոտիները ճիշտ չեն ամրացված, ապա դու նոր սուր զգացողություններ ես ստանում: Բում:
Ապա շուրջդ ես նայում, դու հովանոցաձև գմբեթի տակ ես, ինչը հիանալի է: Ապա դու պատրաստվում ես անխուսափելիին: Դու պատրաստվում ես վայրէջք կատարելուն: Այն չես կարող շատ հետաձգել: Եվ դու իսկապես չես կարող ճշգրիտ որոշել կոնկրետ որտեղ կընկնես, որովհետև նրանք ասում են, որ դու կարող ես ղեկավարել պարաշյուտը, բայց իրականում այդպես չէ: Եվ այսպես, դու նայում ես, թե որտեղ ես իջնելու, փորձում ես պատրաստել ինքդ քեզ: Եվ հետո, գետնին մոտենալով, ուսապարկը գոտկատեղից ներքև ես իջացնում (այդպես այն քեզ վրա չի լինի, երբ դու իջնես) և դու պատրաստվում ես պարաշյուտով ընկնել գետնին: Բանակը սովորեցնում է քեզ վայրէջք կատարելու հինգ կետերը ոտքերիդ մատները, սրունքները, կոնքը, հետույքը և մկանները լարված են: Փոքր նրբագեղ վայրէջք, թեքվում եք մի կողմ և գլորվում: Եվ դու ոչինչ չես վնասի: Երեսուն տարվա ցատկերի ընթացքում ես դեռ ոչ մի անգամ այդպես չեմ արել: (Ծիծաղ) Ես միշտ վայէջք եմ կատարել ինչպես երրորդ հարկից նետած ձմերուկ:
Եվ հենց ես հարվածեցի գետնին, առաջին բանը, որ արեցի, նայեցի արդյոք ինչ-որ կարևոր բան չեմ վնասել: Շարժեցի գլուխս և ինքս ինձ տվեցի հավերժական հարցը. «Ինչո՞ւ ես բանկիր չդարձա»: (Ծիծաղ) Հետո նայեցի շուրջս և տեսա մեկ ուրիշ պարաշյուտիստի` երիտասարդ տղայի կամ աղջկա: Նրանք արդեն հանել էին իրենց M4 կոլտը և հավաքում էին իրենց սպառազինությունը։ Նրանք անում էին այն ամենը, ինչը նրանց սովորեցրել էին: Եվ ես հասկացա, որ եթե նրանք պատերազմելու գնային, նրանք կանեին այն, ինչ իրենց սովորեցրել են և կհետևեն առաջնորդներին: Եվ ես գիտակցեցի, որ եթե նրանք պատերազմից հետ գային, դա կլինի այն բանի շնորհիվ, որ մենք լավ ենք նրանց պատրաստել: Եվ ինձ կրկին պարուրեց իմ գործի կարևորությունը:
Ես արեցի այդ ցատկը երեքշաբթի առավոտը, բայց դա սովորական ցատկ չէր, դա 2001 թվականի սեպտեմբերի 11-ն էր: Թռիչքուղուց մեր թռչելու ժամանակ Ամերիկան խաղաղ էր: Երբ մենք վայէջք կատարեցինք, ամեն ինչ փոխվել էր: Եվ այն, որ մենք այն երիտասարդ զինվորների պատերազ գնալու հնարավորության մասին էինք մտածում տեսականորեն հիմա շատ, շատ իրական դարձավ, և առաջնորդությունը դարձավ կարևոր: Բայց ամեն ինչ փոխվել էր, ես 46-ամյա գլխավոր բրիգադավար էի: Ես հաջողակ էի, բայց ամեն ինչ այնպես փոխվեց, որ ես էական փոփոխություններ անելու անհրաժեշտության առաջ կանգնեցի, և այդ առավոտ ես դա չգիտեի:
Ինձ դաստիարակել էի առաջնորդության ավանդական պատմություններով. Ռոբերտ Է. Լին, Ջոն Բաֆորդը Գետտիսբերգում: Ինչպես նաև դաստիարակել էի առաջնորդության սեփական օրինակներով: Սա հայրս է Վիետնամում: Եվ ինձ դաստիարակել էին հավատալ, որ զինվորները ուժեղ են ու խելացի, քաջ և հավատարիմ, նրանք չեն ստում, չեն խաբում, չեն գողանում և չեն լքում իրենց ընկերներին: Եվ ես դեռ հավատում էի, որ իսկական առաջնորդները նրանց նման են: Բայց ծառայությանս առաջին 25 տարիների ընթացքում տարբեր փորձառություններ ունեցա:
Գումարտակիս առաջին հրամանատարներից մեկը, ես ծառայեցի նրա գումարտակում 18 ամիս, և ծառայության ընթացքում միակ խոսակցությունը լեյտենանտ ՄաքԿրիստելի հետ 25 մղոն վազքի 18-րդ մղոնի ընթացքում էր, երբ նա ինձ մոտավորապես 40 վայրկյան աքացի էր տալիս: Եվ ես վստահ չեմ, որ դա իրական շփում էր: Բայց մի քանի տարի անց, երբ ես վաշտի հրամանատար էի, գնացի Ազգային ուսումնական կենտրոն: Եվ մենք անկացրեցինք մի գործողություն, ու իմ վաշտը հարձակվեց արևածագին, դուք գիտեք, դասական արևածագի հարձակում. դուք պատրաստվում եք ամբողջ գիշեր, շարժվում եք հարձակման գծի ուղղությամբ: Եվ այդ ժամանակ ես ունեի զինված ստորաբաժանում։ Մենք առաջ շարժվեցինք ու կոտորվեցինք: Նկատի ունեմ, կոտորվեցինք միանգամից: Թշնամին դա արեց նույնիսկ առանց ջանք թափելու: Մարտից հետո նրանք բերեցին շարժական կինոթատրոն և արեցին այն, ինչը նրանք անվանում են «գործողության արդյունքների վերլուծություն», որպեսզի ցույց տան, թե ինչ սխալներ ենք թույլ տվել: Առաջնորդության տեսակ նվաստացման միջոցով: Մեծ էկրանին նրանք ստիպում են ամեն ինչ նորից ապրել. ասելով՝ «այստեղ այսպես չես արել, իսկ այստեղ` այսպես և այլն»: Ես դուրս եկա այն զգացողությամբ, որ ինձ ամբողջությամբ ջախջախել են: Եվ ես գտա իմ գումարտակի հրամանատարին, ես զգում էի կարծես հիասթափեցրել եմ նրան: Եվ ես մոտեցա նրան, որպեսզի ներողություն խնդրեմ, և նա ասաց. «Սթենլի, ապրես դու»: Եվ մի նախադասությամբ նա բարձրացրեց ինձ, ոտքերի վրա կանգնեցրեց, և սովորեցրեց ինձ, որ առաջնորդները կարող են քեզ թույլ տալ սխալվել, բայց թույլ չեն տա տանուլ տալ:
Երբ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ը, 46-ամյա գլխավոր բրիգադիր ՄաքԿրիստելը տեսավ ամբողջովին նոր աշխարհ: Առաջին հերթին, իրերը, որոնք ակնհայտ են, որոնց դու ծանոթ ես. հանգամանքները փոխվել էին. արագությունը, վերլուծությունը, ամեն ինչի զգացումը այժմ այնպես արագ է, որ երբեմն այն զարգանում է ավելի արագ, քան մարդը կարող է արձագանքել դրան: Բայց այն ամենը, ինչ մենք անում ենք, այժմ ուրիշ կոնտեքստում է: Իսկ ամենակարևորը, ուժերը, որ ես առաջնորդում էի, սփռված էին ավելի քան 20 երկրում: Բոլոր հրամանատարներին մեկ սենյակում հավաքելու և որոշում ընդունելու, նրանց աչքերի մեջ նայելու և վստահություն ստեղծելու և նրանցից վստահություն ստանալու փոխարեն, ես հիմա ղեկավարում եմ այն ուժերը, որոնք սփռված են ամենուր և ես ստիպված եմ ուրիշ մեթոդներ օգտագործել: Ես պետք է օգտագործեմ վիդեո կոնֆերանսներ, ես պետք է օգտագործեմ չաթ, ես պետք է օգտվեմ էլեկտրոնային փոստից, պետք է զանգեմ, ես պետք է օգտագործեմ այն ամենը, ինչ կարող եմ ոչ միայն կապի համար, այլ նաև առաջնորդության: 22-ամյա անհատը, ով գործում է միայնակ ինձանից հազարավոր մղոններ հեռու, պետք է ինձ հետ վստահ շփվի: Ես պետք է վստահեմ նրան և հակառակը: Եվ ես պետք է հավատ ստեղծեմ դեպի ինձ: Եվ սա առաջնորդության բոլորովին նոր տեսակ է ինձ համար:
Մենք մի գործողություն ունեինք, որը պետք էր մի քանի տեղից կոորդինացնել: Հարմար պահ էր. ժամանակ չկար բոլորին իրար գլուխ հավաքելու: Այդ պատճառով էլ մենք պետք է հետախուզական տվյալներ հավաքեինք, պետք է հետագա գործողությունների ծրագիր մշակեինք: Դա դժվար էր, մենք պետք է համոզեինք մեր ղեկավարներին, հավատացնելով նրանց, որ սա է ճիշտ ճանապարհը և այս ամենը պետք էր անել օգտագործելով կապի էլեկտրոնային միջոցները: Մենք ձախողվեցինք: Առաքելությունը տապալվեց: Այժմ ես պետք է կապի մեջ մնայի և փորձեի վերականգնել այդ զինվորների հավատը, նրանց վստահությունը. իմ և նրանց, նրանց և իմ միջև, և մեր հրամանատարների և մեր միջև, և այդ ամենը առանց ձեռքը ուսին դնելու հնարավորության: Բոլորովին նոր պայմաններ:
Ի լրումն դրան, մարդիկ են փոխվել: Դուք հավանաբար մտածում եք, որ ռազմական ուժերը, որոնք ես ղեկավարում էի, կազմված էին պողպատյա աչքերով հրամանատարներից, ովքեր միշտ պատրաստ էին դեմ առ դեմ պայքարի` ձեռքում ունենալով էկզոտիկ զենք: Իրականում իմ ղեկավարած ռազմական ուժերի մեծ մասը ամբողջությամբ ձեզ նման էին: Դրանք տղամարդիկ էին, կանայք, երիտասարդներ, ծերեր ոչ միայն զինծառայողներ, այլ տարբեր ոլորտների մարդիկ, նրանցից շատերին մենք ընդամենը մեկ անգամ ենք ձեռքով բարևել: Եվ հրամաններ տալու փոխարեն դու ստեղծում ես համաձայնություն, ստեղծում ես ընդհանուր նպատակի զգացում: Հնարավոր է, որ ամենաէական փոփոխությունն այն էր, որ սերունդների, տարիքիների միջև տարբերությունը կտրուկ տարբերվում է: Ես նշանակվել էի զբաղվել Ռենջեր դասակի գործողությամբ Աֆղանստանում, և հենց այդ գործողության ժամանակ դասակի սերժանտը կորցրեց ձեռքի կեսը Թալիբանների` իր դասակի մոտ նետած նռնակը հետ նետելու պահին: Մենք զրուցեցինք գործողության մասին, և հետո վերջում ես արեցի այն, ինչ սովորաբար անում եմ նման իրավիճակներում: Հարցրեցի. «Որտե՞ղ եք եղել սեպտեմբերի 11-ին»: Եվ մի երիտասարդ Ռենջեր, որ նստել էր հետևում` գանգուր մազերով, կարմիր և աֆղանական սառը քամուց ցրտահարված դեմքով, պատասխանեց. «Սը´ր, ես 6-րդ դասարանում էի»: Դա ինձ հիշացրեց այն, որ մենք ղեկավարում ենք ռազմական ուժեր, որոնք պետք է ունենան ընդհանուր նպատակ և գործողությունների կապակցվածություն, և չնայած դրան նա տարբեր փորձառություն ունի, շատ իրավիճակներում տարբեր բառապաշար, ամբողջովին տարբեր գիտելիքներ թվային տեխնոլոգիաների ոլորտում ի տարբերություն ինձ և այլ հրամանատարների: Եվ այնուամենայնիվ, մենք պետք է ունենանք ընդհանուր զգացում:
Այն նաև հանդիսանում է այն բանի պատճառը, որ ես անվանում եմ փորձի բեկում, որովհետև տեխնոլոգիաների, մարտավարության ստորին մակարդակներում այնքան փոփոխություններ են կատարվում, որ հանկարծակի, այն իրերը, որոնց հիման վրա մենք մեծացել ենք, այլևս չեն գործում զինուժերում: Ինչպե՞ս կարող է առաջնորդը շարունակել մնալ վստահելի և օրինական, երբ նա չի արել մի բան, ինչ անում են նրան ենթակաները։ Եվ դա բոլորովին նոր մարտահրավեր է ղեկավարության համար: Եվ դա ինձ ստիպում է ավելի հասկանալի դառնալ, պատրաստ լինել ավելի շատ լսել, պատրաստ լինել ավելի շատ օրինակներ վերցնել ներքևից: Այդուհանդերձ, դուք դեռ նույն մակարդակի վրա չեք: Մի ուրիշ բան: Մի էֆեկտ կա, որը ազդում է քո և քո առաջնորդի վրա: Դա ազդեցությունն է, այն կուտակվող է: Դու չես մաքրում կամ վերալիցքավորում քո մարտկոցները ամեն անգամ:
Մի անգամ գիշերը Իրաքում իմ գլխավոր հրամանատարներից մեկի հետ կանգնած էի էկրանի առջև և դիտում էինք, թե ինչպես է մեր ստորաբաժանումներից մեկը կռվում: Եվ ես հիշեցի, որ նրա որդին այդ ստորաբաժանման մեջ էր: Այդ ժամանակ ես հարցրեցի. «Ջո´ն, որտե՞ղ է քո որդին: Ինչպե՞ս է նա»: Եվ նա պատասխանեց. «Սը´ր, նա լավ է: Շնորհակալություն հարցնելու համար»: Ես ասացի. «Որտե՞ղ է նա հիմա»: Եվ նա, մատնացույց անելով էկրանը, ասաց. «Նա այս կռվի մեջ է»: Պատկերացրեք, որ տեսնում եք, թե ոնց է ձեր եղբայրը, հայրը, քույրը, որդին, կինը տվյալ պահին կռվում և դուք ոչինչ չեք կարող անել: Մտածեք այն մասին, որ ինչքան դժվար է դա գիտակցել: Եվ սա է հենց նոր կուտակային ազդեցությունը առաջնորդների վրա:
Եվ դու պետք է հետևես և հոգ տանես բոլորի մասին: Թերևս ես ամենաշատը սովորեցի փոխհարաբերությունների մասին: Ես հասկացա, որ այն զինվորներին միավորող ուժն է։ Իմ կարիերայի մեծ մասն անցել է Ռենջերի զորագնդում: Եվ այդ զորագնդում ամեն առավոտ, ամեն Ռենջեր, իսկ նրանք մոտ 2.000 էին, արտասանում էին Ռենջերի վեց տողանոց ողջույնի խոսքը: Հավանաբար դուք գիտեք մեկ տող, որում ասվում է. «Ես երբեք մարտի դաշտում ընկած ընկերոջս թշնամու ձեռքերում չեմ թողնի»: Սա անիմաստ մանտրա կամ բանաստեղծություն չէ: Սա խոստում է: Յուրաքանչյուր Ռենջեր խոստանում է մեկ այլ Ռենջերի․ «Կարևոր չէ, թե ինչ կկատարվի, կարևոր չէ, թե իմ համար ինչ կարժենա այն, եթե դու իմ կարիքն ունես, ես կգամ օգնության»: Եվ յուրաքանչյուր Ռենջեր ստանում է նման խոստում բոլոր Ռենջերներից: Մտածեք սրա մասին: Այն զարմանալիորեն ազդեցիկ է: Այն ամուսնության երդումից էլ ուժեղ է: Եվ նրանք ապրում են այս երդմանը համաձայն, որը նրանց հատուկ ուժ է տալիս: Թիմի ներսում հարաբերությունները, որոնք կապում են նրանց, ապշեցուցիչ են:
Ես հասկացա, որ անձնական հարաբերությունները ավելի կարևոր էին, քան երբևէ: Մենք 2007-ին դժվար գործողություն ունեինք Աֆղանստանում և հին ընկերներիցս մեկը, ում հետ ես երկար տարիներ ընկերություն եմ անում ծառայությանս տարբեր շրջաններում և ով երեխաներիցս մեկի կնքահայրն է, նամակ էր գրել ինձ, որտեղ մեջբերում կար գեներալ Շերմանի գեներալ Գրանտին ուղարկած նամակից: Այնտեղ ասվում էր. «Ես գիտեմ, որ եթե անգամ քերծվածք ստանամ, դու կգաս, եթե ողջ լինես»: Ինձ համար այդպիսի հարաբերություններ ունենալը թվում էր անհնար ծառայությանս շատ շրջաններում:
Եվ ես հասկացա, որ դու պետք է այդ հարաբերությունը ստեղծես այս միջավայրում, որովհետև այն դաժան է: Ահա իմ պատմությունը: Հույսով եմ, որ այն դեռ ավարտված չէ: Ես եկա այն եզրակացության, որ առաջնորդները լավը չեն, որովհետև նրանք ճիշտ են, նրանք լավն են, որովհետև պատրաստ են սովորել և վստահել: Եվ դա հեշտ չէ: Դա նման չէ որովայնի մկանները ձգող էլեկտրոնային մեքենային, որն ամիսը 15 րոպե աշխատացնելիս, դուք ունենում եք ամուր որովայն: (Ծիծաղ) Եվ այն միշտ չէ, որ հեշտ է: Դու կարող ես տապալվել, և դա ցավոտ է ու սպիեր է թողնում: Բայց եթե դու առաջնորդ ես, մարդիկ, ում վրա դու հույս ես դնում, կօգնեն քեզ բարձրանալ: Եվ եթե դու առաջնորդ ես, մարդիկ, ովքեր քեզ վրա հույս են դնում, կարիք ունեն տեսնել քեզ ոտքերիդ վրա ամուր կանգնած:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Գեներալ-գնդապետ Սթենլի ՄաքԿրիստելը կիսվում է ռազմական ուժերում տասնամյակներով ծառայության ընթացքում իր առաջնորդության մասին ձեռքբերած գիտելիքներով: Ինչպե՞ս կարող ես ընդհանուր նպատակի գաղափար ստեղծել տարբեր տարիք և պրոֆեսիոնալիզմի տարբեր մակարդակներ ունեցող մարդկանց միջև: Լսելու, հասկանալու և սխալներ թույլ տալու միջոցով:
General Stanley McChrystal is the former commander of U.S. and International forces in Afghanistan. A four-star general, he is credited for creating a revolution in warfare that fuses intelligence and operations. Full bio »
Translated into Armenian by Vahagn Keshishyan
Reviewed by Gohar Khachatryan
Comments? Please email the translators above.
23:43 Posted: Jun 2007
Views 493,702 | Comments 258
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.