Ես կեղծարարի դուստր եմ, ոչ պատահական կեղծարարի․․․ Երբ դուք լսում եք «կեղծարար» բառը, դուք հաճախ մտածում եք «շահամոլություն»։ Դուք մտածում եք «կեղծ դրամ», «կեղծ նկարներ»։ Իմ հայրը այդպիսի մարդ չէ։ Իր կյանքի 30 տարին նա փաստաթղթեր է կեղծել, ոչ իր համար, այլ միշտ ուրիշ մարդկանց համար, օգնելով ճնշվածներին ու հետապնդվողներին։ Թույլ տվեք ներկայացնել նրան։ Ահա իմ հայրը 19 տարեկանում։ Ամեն բան սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 17 տարեկան հասակում նա հայտնվեց կեղծ փաստաթղթերի մի արտադրամասում։ Նա շատ շուտ դարձավ կեղծ փաստաթղթերի մասնագետ։ Եվ սա ծեծված պատմություն չէ, ազատագրումից հետո նա շարունակեց կեղծել փաստաթղթեր մինչև 70-ականները։
Երբ ես փոքր էի, ես սրա մասին ոչինչ չգիտեի։ Սա ես եմ, մեջտեղում, մենք դեմքերս ենք ծամածռում։ Ես մեծացել եմ Փարիզի արվարձաններում, երեք երեխաներից ամենափոքրն էի։ Ես ունեի «նորմալ» հայրիկ, ինչպես մնացած բոլորը, չհաշված այն փաստը, որ նա 30 տարով ավելի մեծ էր քան․․․ դե, նա տարիքով այնքան մեծ էր, որ կարող էր լինել իմ պապիկը։ Ինչևէ, նա լուսանկարիչ էր և դաստիարակ, և նա միշտ սովորեցնում էր մեզ խստորեն ենթարկվել օրենքին։ Եվ, իհարկե, նա երբեք չէր խոսում իր նախկին կյանքի մասին, երբ նա կեղծարար էր։
Այնուամենայնիվ, ես կպատմեմ մի դեպքի մասին, որը միգուցե պիտի ինձ մեջ կասկածներ հարուցեր։ Ես ավագ դպրոցում էի և վատ գնահատական էի ստացել, դա հազվադեպ երևույթ էր ինձ համար, ուստի ես որոշեցի թաքցնել այն իմ ծնողներից։ Դա անելու համար, ես որոշեցի կեղծել իրենց ստորագրությունը։ Ես սկսեցի աշխատել իմ մոր ստորագրության վրա, քանի որ հայրիկիս ստորագրությունը անհնար էր կեղծել։ Այսպիսով, ես աշխատանքի անցա։ Վերցրեցի թուղթ և սկսեցի կեղծելու փորձեր անել, մինչ ձեռքս բավարար վարժեցրեցի, և անցա գործի։ Ավելի ուշ, դպրոցական պայուսակս ստուգելիս, մայրս տեսավ իմ դպրոցական առաջադրանքը և անմիջապես նկատեց կեղծ ստորագրությունը։ Նա շատ խիստ բարկացավ ինձ վրա։ Ես թաքնվեցի իմ սենյակում, վերմակի տակ, և սկսեցի սպասել, կարելի է ասել, ահ ու սարսափով, մինչ իմ հայրը կվերադառնա աշխատանքից։ Ես լսեցի թե նա ինչպես ներս մտավ։ Ես մնացի վերմակի տակ։ Նա մտավ իմ սենյակ, նստեց մահճակալի ծայրին, նա լուռ էր, ուստի ես գլուխս հանեցի վերմակի տակից, և, երբ նա տեսավ ինձ, նա սկսեց ծիծաղել։ Նա այնքան ուժեղ էր ծիծաղում, որ չէր կարող կանգնել, և նրա ձեռքում իմ առաջադրանքն էր։ Հետո նա ասաց․ «Բայց իսկականից Սարա, դու կարող էիր ավելի ջանասիրաբար աշխատել։ Ինչ է, չե՞ս տեսնում, որ այն չափից փոքր է»։ Իրականում, այն շատ փոքր էր։
Ես ծնվել եմ Ալժիրում։ Այնտեղ ես հաճախ լսում էի, թե ինչպես են մարդիկ ասում, որ իմ հայրը «մուջահիդ» է, և դա նշանակում է «մարտիկ»։ Ավելի ուշ, Ֆրանսիայում, ես սիրում էի ականջ դնել մեծերի խոսակցություններին, և լսում էի տարբեր տեսակի պատմություններ իմ հայրիկի նախկին կյանքի մասին, հատկապես այն մասին, որ նա Երկրորդ համաշխարհային պատերազմ է «արել», որ նա Ալժիրի պատերազմ է «արել»։ Եվ ես մտածում էի, որ պատերազմ «անել» նշանակում է զինվոր լինել։ Բայց իմանալով, որ իմ հայրը պացիֆիստ է և բռնությանը դեմ է, ես շատ դժվարությամբ էի պատկերացնում նրան սաղավարտով և հրացանով։ Եվ իրականում, ես շատ հեռու էի ճշմարտությունից։
Մի օր, երբ իմ հայրն աշխատում էր մի փաստաթղթի վրա, որպեսզի մենք ձեռք բերենք ֆրանսիական ազգություն, ես պատահաբար տեսա որոշ փաստաթղթեր, որոնք իմ ուշադրությունը գրավեցին։ Սրանք իրական են։ Սրանք իմն են, ես ծնվել էի արգենտինացի։ Բայց փաստաթուղթը, որը տեսել էի, որն օգնեց մեզ իշխանություններին դիմելիս, բանակից մի փաստաթուղթ էր, որը շնորհակալություն էր հայտնում իմ հորը իր աշխատանքի համար գաղտնի ծառայությունների կողմից։ Ես ցնցված էի։ Իմ հայրը գաղտնի գործակա՞լ։ Դա շատ նման էր Ջեյմս Բոնդի պատմություններին։ Ես ուզում էի նրանց հարցեր տալ, որոնց նա չպատասխանեց։ Ավելի ուշ, ես ինքս ինձ ասացի, որ մի օր կհարցաքաննեմ իրեն։ Ապա, ես մայր դարձա և որդի ունեցա, և վերջապես որոշեցի, որ ժամանակն է. նա պետք է անպատճառ խոսի մեզ հետ։ Ես դարձել էի մայր, իսկ նա նշում էր իր 77-րդ տարեդարձը, և հանկարծ ես շատ շատ վախեցա։ Ես վախեցա, որ նա կհեռանա, և իր հետ կտանի իր լռությունը և իր գաղտնիքները։ Ինձ հաջողվեց համոզել նրան, որ մեզ համար, և միգուցե նաև այլ մարդկանց համար, շատ կարևոր է, որ նա պատմի իր պատմությունը։ Նա որոշեց պատմել այն ինձ, և ես գիրք գրեցի, որից մի փոքր մաս ավելի ուշ կընթերցեմ։
Ահա նրա պատմությունը։ Իմ հայրը ծնվել է Արգենտինայում։ Նրա ծնողները ծագումով ռուս էին։ Նրա ամբողջ ընտանիքը 30-ականներին գաղթել էր Ֆրանսիա։ Նրա ծնողները հրեա և ռուս էին, և բացի դրանից, շատ աղքատ։ Ուստի, 14 տարեկան հասակում, հայրս ստիպված էր աշխատել։ Եվ իր միակ վկայականով, նախնական կրթության ատեստատով, նա գտավ ներկարարի աշխատանք, քիմիական մաքրման կետում։ Հենց այնտեղ նա հայտնաբարեց մի հրաշալի բան, և երբ նա խոսում է դրա մասին, դա այնքան դյութիչ է, դա գույն փոխելու քիմիական հրաշքն է։ Այդ ընթացքում պատերազմ էր տեղի ունենում, և իր մայրը մահացավ, երբ նա 15 տարեկան էր։ Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ նա մարմնով և հոգով ամբողջությամբ տրվեց քիմիային, որովհետև դա նրա միակ սփոփանքն էր։ Ամբողջ օրը նա հարցեր էր տալիս իր տնօրենին, որպեսզի նոր բան սովորի և ավելի շատ գիտելիք ձեռք բերի, իսկ գիշերները, երբ ոչ ոք չկար, նա փորձեր էր կատարում։ Նրան հիմնականում հետաքրքրում էր թանաքի գունաթափումը։
Այս ամենն ասում եմ, որ իմանաք, որ հայրս դարձել է կեղծարար, պատահականորեն։ Նրա ընտանիքը հրեական ծագում ուներ, ուստի նրանց հետապնդում էին։ Վերջ ի վերջո նրանք ձեռբակալվեցին և տեղափոխվեցին Դրենսի ճամբար, բայց նրանց հաջողվեց այնտեղից դուրս գալ ի շնորհիվ իրենց արգենտինական փաստաթղթերի։ Դե, նրանց հաջողվեց դուրս գալ, բայց նրանց կյանքը վտանգված էր։ Նրանց փաստաթղերի վրա դրված էր «հրեա» կնիքը։ Իմ պապիկը որոշեց, որ նրանք կեղծ փաստաթղթերի կարիք ունեն։ Հայրս լցված էր օրենքի հանդեպ այնպիսի հարգանքով, որ չնայած նրանք հալածվում էին, նա երբեք չէր մտածի փաստաթղթեր կեղծելու մասին։ Բայց նա գնաց մի մարդու հետ հանդիպման։
Այդ ժամանակներում, փաստաթղթերը հաստ կազմ ունեին, նրանք ձեռքով էին լրացվում, և այնտեղ նշվում էր ձեր աշխատանքը։ Կենդանի մնալու համար, նա պետք է աշխատեր։ Նա խնդրեց այդ մարդուն լրացնել «ներկարար»։ Հանկարծակիորեն, մարդը մեծ հետաքրքրությամբ նայեց իր վրա։ Որպես «ներկարար», գիտե՞ս արդյոք, թե ինչպես գունաթափել թանաքի հետքերը։ Իհարկե նա գիտեր։ Եվ անսպասելիորեն այդ մարդը սկսեց բացատրել, որ իրենց շարժումը մի մեծ խնդիր ունի, նույնիսկ ամենալավ մասնագետները չեն կարողանում գունաթափել «անջնջելի» անուն կրող թանաքը, Waterman կապույտ թանաքը։ Իմ հայրն անմիջապես պատասխանեց, որ նա գիտի, թե ինչպես գունաթափել այն։ Իհարկե, այդ մարդը շատ տպավորված էր 17 տարեկան երիտասարդով, ով անմիջապես տվեց նրանց գունաթափման բանաձևը, և նա աշխատանքի վերցրեց հորս։ Եվ իրականում, առանց իմանալու, իմ հայրը հայտնագործեց մի բան, որը կարող ենք գտնել յուրաքանչյուր դպրոցականի մատիտների տուփի մեջ, այն է՝ այսպես կոչված «ուղղումներ անելու գրիչը»։ (Ծափահարություններ)
Բայց դա միայն սկիզբն էր։ Սա իմ հայրն է։ Լաբում հայտնվելուց հետո, չնայած նրան, որ նա ամենաերիտասարդն էր, հայրս անմիջապես հասկացավ, որ փաստաթղթեր կեղծելու գործում, իրենք խնդիր ունեն։ Բոլոր շարժումները դադարել էին փաստաթղթեր կեղծել։ Սակայն դրա պահանջարկը գնալով աճում էր, իսկ առկա փաստաթղթերով շատ դժվար էր կեղծիքներ անել։ Նա ասաց ինքն իրեն, որ անհրաժեշտ է ստեղծել դրանք զրոյից։ Նա տպարան բացեց։ Սկսեց լուսանկարներ փորագրել։ Նա սկսեց ռետինե կնիքներ պատրաստել։ Նա սկսեց ամեն տեսակի բաներ հայտնագործել, որոշ նյութեր կիրառելով նա հայտնագործեց հեծանիվի անիվ օգտագործող ցենտրիֆուգա։ Ինչևէ, նա ստիպված էր անել այս ամենը, քանի որ նա ամբողջովին տարված էր արդյունքով։ Նա մի պարզ թվաբանություն արեց․ մեկ ժամում նա կարողանում էր կեղծել 30 փաստաթուղթ։ Եթե նա քներ մեկ ժամ, 30 հոգի կմահանար։
Այլ մարդկանց կյանքի համար 17 տարեկանում պատասխանատվության այդ զգացումը, ինչպես նաև մեղքի զգացումը, որ նա կարողացել է փախչել ճամբարից, իսկ իր ընկերները՝ ոչ, մնացել է իր հետ իր ողջ կյանքի ընթացքում։ Եվ միգուցե դա բացատրում է, թե ինչու նա 30 տարի շարունակել է փաստաթղթեր կեղծել բոլոր տեսակի զոհաբերությունների գնալով։ Ես ուզում եմ խոսել այդ զոհաբերությունների մասին, որովհետև դրանք շատ էին։ Ակնհայտորեն կային ֆինանսական զոհաբերություններ, որովհետև նա միշտ հրաժարվում էր վճարից: Նրա կողմից գումար ստանալը դիտվում էր որպես շահամոլություն: Եթե նա վճար ընդուներ, նա ի վիճակի չէր լինի ասել ոչ, եթե դեպքն արդար չլիներ: Այսպիսով, օրվա ընթացքում նա լուսանկարիչ էր, իսկ գիշերները` կեղծարար 30 տարիների ընթացքում: Նա երբեք գումար չուներ:
Բացի դրանից կային նաև էմոցիոնալ զոհաբերություններ: Ինչպե՞ս կարելի է ապրել մի կնոջ հետ, երբ այդքան շատ գաղտնիք ունես: Ինչպե՞ս կարելի է բացատրել, թե ինչ ես անում յուրաքանչյուր գիշեր լաբում: Իհարկե, կար նաև մի այլ տեսակ զոհաբերություն, որը ներառում էր իր ընտանիքը և որը ես հասկացա շատ ավելի ուշ: Մի օր հայրս ներկայացրեց ինձ իմ քրոջը: Նա բացատրեց նաև, որ ես եղբայր էլ ունեմ, և առաջին անգամ երբ հանդիպեցի իրենց ես երեք կամ չորս տարեկան էի, իսկ նրանք 30 տարով մեծ էին ինձանից: Հիմա նրանք երկուսն էլ մոտ վաթսուն տարեկան են:
Գիրքը գրելու համար, ես քրոջս հարցեր էի տալիս: Ես ուզում էի իմանալ, թե ով է եղել իմ հայրը, հայրը, որին նա գիտեր։ Նա բացատրեց, որ հայրը, որին նա գիտեր, ասում էր իրենց, որ կգա իրենց հետևից կիրակի օրը և նրանք կգնան զբոսանքի։ Նրանք հագնվում և սպասում էին նրան, բայց հայրս երբեք չէր գալիս։ Նա ասում էր․ «Ես կզանգեմ» և չէր զանգում։ Իսկ հետո չէր գալիս։ Եվ ապա մի օր նա անհայտացավ: Անցավ ժամանակ, և սկզբում նրանք մտածում էին, որ հայրս մոռացել է իրենց մասին: Ապա, ժամանակի հետ, մոտ երկու տարի անց, նրանք մտածեցին, «Դե, միգուցե մեր հայրը մահացել է»։ Այնուհետև ես հասկացա, որ հորս այդքան հարց տալով, ես հիշեցնում եմ իրեն անցյալը, որի մասին նա հավանաբար չի ցանկանում խոսել, քանի որ այն ցավոտ է: Եվ մինչ իմ եղբայրը և քույրը իրենց համարում էին լքված և որբ, հայրս կեղծ փաստաթղթեր էր պատրաստում: Եվ եթե նա չէր ասում իրենց դրա մասին, դա միայն իրենց պաշտպանելու համար էր:
Ազատագրումից հետո նա փաստաթղթեր էր կեղծում թույլ տալու համար համակենտրոնացման ճամբարներից փրկվածներին գաղթել Պաղեստին, մինչ Իսրայելի ստեղծումը։ Դրանից հետո նա հավատարիմ հակա-գաղութական էր, նա կեղծում էր թղթեր ալժիրցիների համար` ալժիրական պատերազմի ժամանակ։ Ալժիրական պատերազմից հետո, միջազգային դիմադրողություն ցույց տվող շարժումների շրջանակներում նրա անունը հայտնի դարձավ, և ամբողջ աշխարհը թակեց նրա դուռը։ Աֆրիկայում երկրները պայքարում էին իրենց անկախության համար, Գվինեա, Գվինեա-Բիասսու, Անգոլա։ Այնուհետև իմ հայրը միացավ Նելսոն Մանդելայի ռասայական խտրականության դեմ կուսակցությանը։ Նա փաստաթղթեր էր կեղծում սևամորթ հարավաֆրիկացիների համար, ովքեր հետապնդվում էին։
Կար նաև Լատինական Ամերիկան։ Հայրս օգնում էր նրանց, ովքեր դիմադրություն էին ցույց տալիս դիկտատուրաներին Դոմինիկան հանրապետությունում, Հայիթիում, այնուհետև հերթը հասավ Բրազիլիային, Արգենտինային, Էլ Սալվադորին, Նիկարագուային, Կոլումբիային, Պեռուին, Ուրուգվային, Չիլիին և Մեքսիկային։ Այնուհետև սկսվեց Վիետնամի պատերազմը։ Հայրս կեղծ փաստաթղթեր էր սարքում ամերիկացի դասալիքների համար, ովքեր չէին ցանկանում պատերզմել վիետնամացիների հետ։ Եվրոպան նույնպես չխնայվեց։ Հայրս կեղծ փաստաթղթեր է սարքել դասալիքների համար Ֆրանկոյի դեմ Իսպանիայում, Սալազարի դեմ Պորտուգալիայում, գնդապետական դիկտատուրայի դեմ Հունաստանում, և նույնիսկ Ֆրանսիայում։ Այնտեղ, դա պատահել է միայն մեկ անգամ, 1968 թ․-ի մայիսին։ Հայրս դիտում էր, ոչ առանց հիացմունքի, մայիսի ապստամբությունները, բայց նրա սիրտն այլ տեղ էր, ինչպես նաև նրա ժամանակը, քանի որ նա սպասարկում էր ավելի քան 15 երկիր։
Մի անգամ, սակայն, նա համաձայնվեց կեղծ փաստաթղթեր սարքել մի մարդու համար, ում դուք միգուցե ճանաչեք։ (Ծիծաղ) Նա շատ ավելի երիտասարդ էր այն ժամանակ, և հայրս համաձայնվեց կեղծել փաստաթղթերը, որպեսզի նա կարողանա վերադառնալ և ելույթ ունենալ մի հանդիպման ընթացքում։ Նա ասաց ինձ, որ այդ կեղծ թղթերը լրատվության հետ ամենաշատ կապ և ամենաքիչ օգտակարությունն ունեին։ Բայց նա համաձայնվեց կեղծել դրանք, չնայած Դանիել Քոն-Բենդիտի կյանքն այլևս վտանգված չէր, զուտ այն պատճառով, որ դա հիանալի հնարավորություն էր իշխանություններին ծաղրել, և ցույց տալ իրենց, որ սահմաններից ավելի ծակոտկեն բան չկա, և որ գաղափարները սահման չունեն։
Իմ մանկության ընթացքում, երբ ընկերներիս հայրիկները Գրիմ եղբայրների հեքիաթներ էին պատմում իրենց, իմ հայրը պատմում էր ինձ շատ համեստ հերոսների մասին, ովքեր անկոտրում երազանքներ ունեին, և հրաշքներ էին գործում։ Եվ այդ հերոսները իրենց մեջքի հետևում բանակների կարիք չունեին։ Ամեն դեպքում, նրանց ոչ մեկըչէր հետևի, բացի մի քանի տղամարդկանցից ու կանանցից, ովքեր քաջ են ու համոզմունքների տեր։ Ես շատ ավելի ուշ հասկացա, որ հայրս իրականում իր սեփական պատմությունն էր պատմում ինձ։ Ես հարցեցի նրան, որ հաշվի առնելով բոլոր զոհաբերությունները, որ նա ստիպված էր անել, նա որևէ բանի համար զղջում է։ Նա ասաց՝ ոչ։ Նա ասաց, որ անկարող կլիներ անարդարության ականատես լինել և հնազանդվել՝ առանց որևէ բան անելու։ Նա համոզված էր, և դեռ համոզված է, որ հնարավոր է ուրիշ աշխարհ, մի աշխարհ, որ կեղծարարների կարիք չի ունենա։ Նա դեռ երազում է դրա մասին։ Իմ հայրը այսօր այս սենյակում է։ Նրա անունը Ադոլֆո Կամինսկի է, և ես պիտի խնդրեմ, որ նա ոտքի բարձրանա։ (Ծափահարություններ) Շնորհակալություն։
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Սարա Կամինսկին պատմում է իր հոր` Ադոլֆոյի զարմանահրաշ պատմությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գործունեության մասին, երբ նրա սրամտությունը և կեղծարարության հանդեպ տաղանդը կյանքեր է փրկել։ TEDxParis-ի այս ելույթը ֆրանսերենով է, և ունի անգլերեն տողատակ։
Sarah Kaminsky writes about her father, Adolfo Kaminsky, a forger with a mission. Full bio »
Translated into Armenian by Gohar Khachatryan
Reviewed by Arpiné Grigoryan
Comments? Please email the translators above.
18:49 Posted: Oct 2009
Views 4,170,203 | Comments 761
19:45 Posted: Jul 2010
Views 802,220 | Comments 1105
05:57 Posted: Jul 2009
Views 239,656 | Comments 67
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.