Սա մեծ պատիվ է ինձ համար: Ես անց եմ կացնում իմ ժամանակի մեծ մասը բանտերում, մահապատժի դատապարտված մարդկանց հետ: Ես անց եմ կացնում իմ ժամանակի մեծ մասը ցածր եկամուտ ունեցող մարդկանց համայնքներում, վայրերում, որտեղ հուսահատություն է տիրում: TED-ին մասնակցելը, և այս խրախուսանքը տեսնելը, լսելը շատ ու շատ ուժ է տալիս ինձ: Եվ մի բան, որ ես հասկացա իմ այստեղ գտնվելու կարճ ժամանակում այն է, որ TED-ն ինքնություն ունի: Դուք իրականում այստեղ ասում եք բաներ, որոնք փոխում են աշխարհը: Եվ ժամանակ առ ժամանակ, երբ այդ բաները ասվում են TED-ի միջոցով, դրանք ունենում են ուժ և իմաստ, որը չէին ունենա հակառակ դեպքում:
Ես նշում եմ սա, որովհետև կարծում եմ, որ ինքնությունը շատ կարևոր է: Եվ մենք մի շարք հրաշալի ելույթներ լսեցինք: Կարծում եմ, որ մենք հասկացել ենք, որ եթե դու ուսուցիչ ես, քո խոսքերը կարող են իմաստալից լինել, բայց եթե դու կարեկցող ուսուցիչ ես, դրանք կարող են առավել իմաստալից լինել: Եթե դու բժիշկ ես, դու կարող ես լավ բաներ անել, բայց եթե դու հոգատար բժիշկ ես, դու կարող ես նաև ուրիշ բաներ անել: Այսպիսով, ես ուզում եմ խոսել ձեզ հետ ինքնության ուժի մասին: Իրականում ես չեմ սովորել դրա մասին իրավաբանական դաշտում աշխատելով և անելով այն գործը, որ անում եմ: Ես իրականում սովորել եմ դրա մասին իմ տատիկից:
Ես մեծացել եմ մի տանը, որն ավանդական աֆրիկյան-ամերիկյան տուն էր, որտեղ իշխում էր մայրիշխանությունը, և այդ մայրիշխանությունը իմ տատիկն էր: Նա ուժեղ էր, անզիջում և իշխող: Նա մեր ընտանիքում բոլոր բանավեճների վերջն էր: Նա մեր ընտանիքում շատ բանավեճների սկիզբն էր: Նա մի մարդկանց դուստրն էր, ովքեր փաստացի ստրուկ են եղել: Նրա ծնողները ծնվել են ստրկության մեջ Վիրջինիայում 1840-ականներին: Նա ծնվել է 1880-ականներին, և ստրկության մեջ անցկացրած իր կյանքը մեծ չափով ձևավորել է, թե ինչպես է նա տեսնում աշխարհը:
Իմ տատիկը շատ խիստ էր, բայց նա սիրում էր մեզ: Երբ ես փոքր էի և տեսնում էի նրան, նա մոտենում և գրկում էր ինձ: Նա այնքան պինդ էր ինձ սեղմում իրեն, որ ես հազիվ էի շնչում, և ապա նա բաց էր թողնում ինձ: Մի քանի ժամ անց, եթե ես նրան տեսնում էի, նա մոտենում էր ինձ և ասում. «Բրայն, դեռ զգու՞մ ես իմ գրկածը»: Եվ եթե ես ասում էի «ոչ», նա կրկին հարձակվում էր ինձ վրա, իսկ եթե ասում էի «այո», նա ինձ հանգիստ էր թողնում: Նա այնպիսի մի մարդ էր, որ միշտ ուզում էիր իր կողքին լինել: Միակ դժվարությունն այն էր, որ նա ուներ 10 երեխա: Իմ մայրն իր 10 երեխաներից ամենափոքրն էր: Եվ երբ ես ուզում էի նրա հետ ժամանակ անցկացնել, նրա ուշադրությունը գրավելը դժվար էր լինում: Իմ զարմիկներն ամենուր վազվզում էին:
Ես հիշում եմ, թե ինչպես, երբ ես ութ կամ իննը տարեկան էի, ես արթնացա մի օր, գնացի ճաշասենյակ, և իմ բոլոր զարմիկները վազվզում էին այս ու այն կողմ: Իսկ իմ տատիկը նստած էր սենյակում և ուշադիր ինձ էր նայում: Սկզբում ինձ թվաց մենք խաղ ենք խաղում: Ես նայեցի նրան և ժպտացի, բայց նա շատ լուրջ էր: Մոտ 15 կամ 20 րոպե անց նա վեր բարձրացավ, կտրեց անցավ սենյակը, մոտեցավ բռնեց ձեռքս և ասաց․ «Բրայն, ես ու դու պիտի խոսենք»։ Ես հիշում եմ դա այնպես կարծես դա երեկ էր։ Երբեք չեմ մոռանա։
Նա ինձ սենյակից դուրս տարավ և ասաց․ «Բրայն, ես պատրաստվում եմ մի բան ասել քեզ, բայց որևէ մեկին չպիտի պատմես, այն ինչ ասելու եմ»։ Ես ասացի, «Լավ, տատա»։ Նա ասաց, «Որևէ մեկին չասես»։ «Իհարկե, չեմ ասի», պատասխանեցի ես։ Ապա նա ստիպեց, որ ես նստեմ, նայեց ինձ և ասաց․ «Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես հետևում էի քեզ»։ «Ես կարծում եմ, որ դու յուրահատուկ ես»։ Նա ասաց, «Կարծում եմ, դու կարող ես անել ամեն բան, ինչ ուզում ես»։ Երբեք չեմ մոռանա դա։
Ապա նա ասաց, «Ես ուզում եմ, որ դու ինձ երեք բան խոստանաս, Բրայն»։ Ես ասացի, «Լավ, տատա»։ Նա ասաց, «Առաջին բանը, որ ուզում եմ խոստանաս ինձ, այն է, որ դու միշտ կսիրես մայրիկիդ»։ Նա ասաց, «Նա իմ աղջիկն է, և դու պետք է խոստանաս ինձ, որ միշտ հոգ կտանես նրա մասին»։ Դե, ես պաշտում էի մայրիկիս, ուստի ասացի, «Այո, տատա։ Իհարկե»։ Ապա նա ասաց, «Երկրորդ բանը, որ ուզում եմ խոստանաս ինձ այն է, որ դու միշտ կանես այն ինչ պետք է, նույնիսկ երբ դա ամենադժվար բանն է»։ Ես մտածեցի և ասացի, «Այո, տատա։ Ես կանեմ դա»։ Ապա վերջապես նա ասաց, «Երրորդ բանը, որ ուզում եմ խոստանաս ինձ, այն է, որ դու երբեք ալկոհոլ չես օգտագործի»։ (Ծիծաղ) Դե, ես իննը տարեկան էի, ուստի ասացի․ «Այո, տատա։ Ես չեմ օգտագործի ալկոհոլ»։
Ես մեծացել եմ հարավում, գյուղական վայրում և ունեմ եղբայր, ով մի տարի ինձանից մեծ է, և քույր, ով մի տարի ինձանից փոքր է։ Երբ ես 14 կամ 15 տարեկան էի, մի օր եղբայրս տուն եկավ, իր հետ բերելով վեց շիշ գարեջուր, չգիտեմ, թե որտեղից էր հայթայթել դրանք, նա վերցրեց ինձ ու քրոջս և մենք գնացինք անտառ։ Եվ մենք միասին մեր սովորական գժություններն էինք անում։ Նա մի կում գարեջուր խմեց, ապա փոխանցեց այն քրոջս և նա նույնպես մի քիչ խմեց, և նրանք ինձ նույնպես գարեջուր առաջարկեցին։ Ես ասացի․ «Չէ, չեմ ուզում։ Դուք խմեք։ Ես գարեջուր չեմ խմելու»։ Եղբայրս ասաց․ «Լավ էլի։ Այսօր մենք գարեջուր ենք խմում։ Դու միշտ անում ես այն ինչ մենք ենք անում։ Ես խմեցի, քույրդ խմեց։ Մի քիչ գարեջուր խմի»։ Ես ասացի․ «Չեմ կարծում, որ դա լավ միտք է։ Դուք խմեք»։ Այդ ժամանակ եղբայրս սկսեց ուշադիր նայել ինձ վրա։ Նա ասաց․ «Քեզ ի՞նչ է պատահել։ Մի քիչ գարեջուր խմի»։ Ապա նա զննող հայացքով նայեց ինձ և ասաց․ «Օ՜, միայն մի ասա, որ դու դա անում ես տատիկի հետ խոսակցության պատճառով»։ (Ծիծաղ) Ես ասացի․ «Ինչի՞ մասին ես խոսում»։ Նա ասաց․ «Դե, տատան իր բոլոր թոռներին ասում է, որ նրանք յուրահատուկ են»։ (Ծիծաղ) Ես ջախջախված էի։
Եվ ես պատրաստվում եմ մի բան խոստովանել ձեզ։ Ես ասելու եմ մի բան, որը երևի չպիտի ասեմ։ Գիտեմ, որ սա լայնորեն հերարձակվելու է։ Բայց ես 52 տարեկան եմ, և պիտի խոստովանեմ ձեզ, որ երբեք մի կաթիլ իսկ ալկոհոլ չեմ խմել։ (Ծափահարություններ) Ես չեմ ասում սա այն պատճառով, որ դա առաքինի է, ես ասում ես դա, որովհետև ինքնության մեջ ուժ կա։ Երբ մենք ստեղծում ենք ճիշտ ինքնություն, մենք կարող ենք մեզ շրջապատող աշխարհին բաներ ասել, որոնք նրանց կարող են անհեթեթ թվալ։ Մենք կարող ենք ստիպել նրանց անել բաներ, որոնք նրանք անհնար էին համարում։ Երբ ես մտածում էի իմ տատիկի մասին, իհարկե ըստ նրա իր բոլոր թոռները յուրահատուկ էին։ Իմ պապիկը բանտում էր ալկոհոլային արգելքի ժամանակ։ Իմ քեռիները մահացել են ալկոհոլ խմելու հետևանքով։ Եվ տատիկս համոզված էր, որ ճիշտ ուղու վրա պիտի դնի մեզ։
Ես փորձում էի պատմել քրեական արդարադատության համակարգի մասին։ Այս երկիրն այսօր շատ տարբերվում է նույն երկրից 40 տարի առաջ։ 1972 թ․-ին բոլոր բանտերում 300,000 մարդ կար։ Այսօր, այդ թիվը հասել է 2.3 միլիոնի։ Այսօր ԱՄՆ-ը ունի բանտարկության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Մենք ունենք յոթ միլիոն մարդ, ովքեր պայմանական վաղակետ ազատված են: Զանգվածային բանտարկությունը, իմ կարծիքով, էապես փոխել է մեր աշխարհը: Աղքատ համայնքներում, համայնքներում, որտեղ ապրում են ոչ-սպիտակ մարդիկ, հուսահատություն կա, հուսահատություն, որը ձևավորվում է այս ամենի արդյունքում: Երեք սևամորթ տղամարդկանցից մեկը 18-ից 30 տարեկան հասակում, կամ բանտում է կամ պայմանական վաղաժամկետ ազատության մեջ է: Քաղաքային համայնքներում ամբողջ երկրի կտրվածքով, Լոս-Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Բալթիմորում, Վաշինգտոնում, ոչ-սպիտակ երիտասարդների 50-60 տոկոսը կամ բանտում է կամ պայմանական վաղաժամկետ ազատության մեջ է:
Մեր համակարգը ձևավորվում է ոչ միայն ռասայի շուրջ աղավաղվածությամբ, այն նաև աղավաղվում է աղքատության պատճառով: Այս երկրում մենք ունենք արդարադատություն մի համակարգ, որը քո հանդեպ ավելի բարենպաստ է, եթե դու հարուստ ես ու մեղավոր քան աղքատ ու անմեղ: Հարստությունը, և ոչ թե մեղքի աստիճանն է որոշում արդյունքը: Եվ չնայած դրան մենք կարծես թե մեզ վատ չենք զգում: Վախի և զայրութի քաղաքականությունը ստիպել է մեզ հավատալ, որ դրանք խնդիրներ են, որոնք մեր խնդիրները չեն: Մենք տարանջատված ենք:
Սա ինձ համար հետաքրքիր է: Մենք մեր աշխատանքում հետևում ենք շատ հետաքրքիր զարգացուման: Իմ նահանգը՝ Ալաբաման, ինչպես շատ այլ նահանգներ զրկում է մարդկանց ընտրություններին քվեարկելու իրավունքից, եթե նրանք ունեք քրեական դատվածություն: Այժմ Ալաբամայում սևամորթ բնակչության 34 տոկոսը մշտապես կորցրել է քվեարկելու իրավունքը: Ըստ մեր կանխատեսումների հաջորդ 10 տարիների ընթացքում քվեարկության իրավունքից զրկվածության մակարդակը կհասնի այն մակարդակին, որ գոյություն ուներ մինչ Քվեարկելու իրավունքի մասին օրենքի ընդունումը: Իսկ մեր մոտ լռություն է տիրում:
Ես ներկայացնում եմ երեխաների: Եվ իմ հաճախորդներից շատերը երիտասարդ են: ԱՄՆ-ը միակ երկիրն է աշխարհում, որտեղ մենք դատապարտում ենք 13 տարեկան երեխաներին մահվան բանտերում: Մենք երեխաների համար ունենք ցմահ բանտարկության, առանց վաղաժամկետ պայմանական ազատման այս երկրում: Մենք իրականում դատարանում գործի քննություն ենք անում: Միակ աշխարհը երկրում:
Ես ներկայացնում են մահապատժի դատապարտված մարդկանց: Մահապատժի հարցը շատ հետաքրքիր է: Մեզ սովորեցրել են մտածել, որ իրական հարցն է՝ արդյո՞ք մարդիկ արժանի են մահանալ իրենց գործած հանցագործության համար: Եվ դա շատ նուրբ հարց է: Բայց կա մտածելու մեկ այլ ձև, նրա մասին թե ուր ենք մենք հասել մեր ինքնության մեջ: Մտածելու այլ ձևը այն չէ, թե արդյոք մարդիկ արժանի եմ մահանալ իրենց գործած հանցագործության համար, այլ արդյո՞ք մենք արժանի ենք սպանել: Դա ապշեցուցիչ է:
Մահապատիժը ԱՄՆ-ում ունի հաշվարկված սխալի հավանականություն: Յուրաքանչյուր իննը մահապատժի դատապարտված մարդկանցից մեկին մենք ճանաչել ենք անմեղ ու ազատ արձակել նրան: Մի քիչ զարմանալի սխալի չափ է՝ իննից մեկն անմեղ է։ Դա ապշեցուցիչ է։ Ավիացիայում մենք երբեք թույլ չէինք տա մարդկանց ինքնաթիռ վարել, եթե յուրաքանչյուր իննը ինքնաթիռներից մեկը վթարի ենթարկվեր։ Բայց մենք կարողանում ենք առանձնացնել մեզ այս խնդրից։ Դա մեր խնդիրը չէ։ Դա մեր բեռը չէ։ Դա մեր պայքարը չէ։
Ես շատ եմ խոսում այս հարցերի շուրջ։ Ես խոսում եմ ռասայի մասին և այն հարցի մասին, թե արդյոք մենք արժանի ենք սպանել։ Հետաքրքիրն այն է, որ երբ ես դասավանդում եմ աֆրո-ամերիկյան պատմությունը իմ ուսանողներին, ես պատմում եմ նրանց ստրկության մասին։ Ես պատմում եմ նրանց ահաբեկչության մասին, դարաշրջանի մասին, որը սկսեց վերակառուցման ավարտին և շարունակցվեց երկրորդ համաշխարհային պատերազմով։ Մենք իրականում շատ բան չգիտենք այդ մասին։ Բայց աֆրո-ամերիկյան համայնքի համար այս երկրում այդ դարաշրջանը ահարկու էր։ Շատ համայնքներում մարդիկ վախենում էի լինչահարվելուց: Նրանք վախենում էին ռմբակոծումից։ Նրանք կյանքը սահմանվում էր ահաբեկչության վտագով։ Այդ մեծահասակ մարդիկ գալիս են ինձ մոտ այժմ և ասում․ «Պր․ Ստիվենսոն, Դուք ելույթներ եք ունեմ, ասացեք մարդկանց, որ նրանք դադարեն ասել, որ մենք գործ ունենք ահաբեկչության հետ առաջին անգամ մեր ազգային պատմության մեջ սեպտեմբերի 11-ից հետո»։ Նրանք ասում են ինձ․ «Ասացեք նրանց, որ մենք մեծացել ենք դա տեսնելով»։ Եվ իհարկե ահաբեկչության այդ դարաշրջանին հետևեց սեգրեգացիան, ռասայական խտրականության տարիները և ապարտեիդը։
Եվ չնայած դրան այս երկում մենք չենք սիրում խոսել մեր խնդիրների մասին։ Մենք չենք սիրում խոսել մեր պատմության մասին։ Այդ իսկ պատճառով մենք չենք հասկացել, թե ինչ է նշանակում անել բաներ, որ մենք արել ենք պատմականորեն: Մենք մշտապես բախվում ենք իրար: Մենք մշտապես լարվածություն ու կոնֆլիկտներ ենք ստեղծում: Մեզ համար դժվար է խոսել ռասայի մասին, և ես կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ մենք չենք ցանկանում պարտավորեցնել մեզ Ճշմարտության և հաշտեցման համար գործընթացին: Հարավային Աֆրիկայում մարդիկ հասկացան, որ մենք չենք կարող հաղթահարել ապարտեիդը առանց Ճշմարտության և հաշտեցման պարտավորության: Ռուանդայում պարտավորության զգացում կար, նույնիսկ ցեղասպանությունից հետո, բայց այս երկրում մենք չենք արել դա:
Ես մահապատժի մասին դասախոսություն էի կարդում Գերմանիայում: Զարմանահրաշ էր, որովհետև գիտնականներից մեկը վեր բարձրացավ և ասաց. «Գիտեք, շատ մտահոգիչ լսել այն ամենի մասին»: Նա ասաց. «Մենք Գերմանիայում մահապատիժ չունենք: Եվ իհարկե մենք երբեք չենք կարող մահապատիժ ունենալ Գերմանիայում»: Սենյակում լռություն տիրեց, և այդ կինն ասաց, «Մեր ունեցած պատմությամբ, հնարավոր չէ, որ մենք երբևէ ներգրավվենք մարդկային էակների սիստեմատիկ սպանության մեջ: Դա մեր կողմից անբարոյական կլիներ, նպատակաուղղված կերպով ներգրավվել մարդկանց սպանության մեջ»: Ես մտածեցի դրա մասին: Ինչ մենք կզգայինք, եթե ապրեինք մի աշխարհում, որտեղ Գերմանիայի պետությունը սպանում է մարդկանց, հատկապես եթե նրանք հրեա էին: Ես չէի կարող դիմանալ այդ մտքին: Դա կլիներ անբարոյական:
Եվ չնայած դրան, այս երկրում հին հարավի նահագներում, մենք սպանում ենք մարդկանց, դուք 11 անգամ ավելի մեծ հավանականություն ունեք դատապարտվել մահապատժի, եթե զոհը սպիտակ է, 22 անգամ ավելի հավանականություն կա, եթե մեղադրյալը սև է, և զոհը՝ սպիտակ, հենց այն նահանգներում, որտեղ թաղված են լինչահարված մարդկանց մարմինները: Եվ չնայած դրան, մենք ունենք այս տարանջատումը:
Եվ հավատացած եմ, որ մեր ինքնությունը վտանգված է: Երբ մենք իրականում մտահոգված չենք այդ դժվար խնդիրներով, դրական և հրաշալի բաները այնուամենայնիվ տուժում են: Մենք սիրում ենք նորարարություն: Մենք սիրում ենք տեխնոլոգիա: Սիրում ենք ստեղծարարություն: Մենք սիրում ենք զվարճանք: Բայց վերջ ի վերջո, այդ իրականությունների վրա ստվեր են գցում տառապանքը, չարաշահումը, դեգրադացիան, մարջինալիզմը: Իսկ ինձ համար անհրաժեշտ է միավորել այդ երկուսը: Բայց վերջ ի վերջո մենք խոսում ենք ավելի պայծառատես լինելու, ավելի նվիրված լինելու կարիքի մասին՝ հաղթահարելու համար այս բարդ աշխարհի հիմնական մարտահրավերները: Ինձ համար դա նշանակում է ժամանակ անցկացնել մտածելով և խոսելով սոցիալապես անապահով, աղքատ մարդկանց մասին, ովքեր երբեք TED-ին չեն մասնակցի: Բայց մտածել նրանց մասին այնպես, որ ինտեգրենք նրանց մեր կյանքի մեջ:
Գիտեք, վերջին հաշվով, մենք պետք է հավատանք բաների, որոնք չենք տեսել: Ինչքան էլ մենք ռացիոնալ էակներ ենք, ինչքան էլ գնահատում ենք ինտելեկտը: Նորարարության, ստեղծարարության, զարգացման հիմքը ոչ միայն մեր գլխում եղած մտքերն են: Դրանց հիմքը մեր մտքերն են, բայց դրանց համար վառելանյութ է հանդիսանում մեր սրտում եղած համոզմունքը: Եվ հենց այդ կապն է ուղեղի և սրտի միջև, որ իմ կարծիքով պարտադրում է մեզ գործ ունենալ ոչ միայն պայծառ և փայլող բաների հետ, բայց նաև մռայլ ու դժվար բաների հետ: Վաքլավ Հավելը, չեխ մեծագույն առաջնորդը, խոսել է սրա մասին: Նա ասել է, «Երբ մենք Արևելյան Եվրոպայում պայքարում էինք ճնշման դեմ, մենք շատ բան էինք ցանկանում, բայց ամենաշատը մեզ անհրաժեշտ էր հույս, ոգու կողմնորոշվածություն, ցանկություն երբեմն լինել անհույս վայրերում և ականատես լինել»:
Ոգու այդ կողմնորաշվածությունը ընկած է այն բաների հիմքում, ինչում իմ կարծիքով, նույնիսկ TED համայքները պետք է ներգրավված լինեն: Չկա տարանջատում տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտներում, որը թույլ կտա մեզ լինել ամբողջական մարդկային էակ, մինչ մենք ուշադրություն չդարձնենք տառապանքներին, աղքատությանը, բացառությանը, անարդարությանը: Ես ցանկանում եմ զգուշացնել ձեզ, որ այդ տիպի ինքնությունը շատ ավելի բարդ ինքնություն է, քան այն, որին դուք ուշադրություն չեք դարձնում: Այն կազդի ձեզ վրա:
Երբ ես երիտասարդ իրավաբան էի, ես մեծ պատիվ ունեցա հանդիպել Ռոզա Պարքսին: Տիկին Պարքսը սովորություն ուներ վերադառնալ Մոնտգոմերի ժամանակ առ ժամանակ, նա հանդիպում էի իր երկու ամենամոտ ընկերուհիների, մեծահասակ կանանց հետ, Ջոննի Քարի հետ, ով Մոնտգոմերիի ավտոբուսային բոյկոտի կազմակերպիչն էր, մի զարմանահրաշ աֆրիկյան ամերիկուհի կին, և Վիրջինիա Դուրի հետ, մի սպիտակամորթ կին, ում ամուսինը, Քլիֆֆորդ Դուրը, ներկայացնում էր դոկտոր Քինգին: Այս կանայք հանդիպում եւ զրուցում էին:
Ժամանակ առ ժամանակ տիկին Քարը կանչում էր ինձ և ասում. «Բրայն, տիկին Պարքսը գալու է քաղաք: Մենք հավաքվելու ենք և զրուցելու: Ուզու՞մ ես գալ և լսել մեզ»: Ես ասում էի. «Իհարկե, տիկին, ես ուզում եմ»: Նա ասում էր. «Դե, ի՞նչ պիտի անես, երբ գաս այդտեղ»: Ես ասում էի. «Ես պատրաստվում եմ լսել»: Եվ ես գնում ու պարզապես լսում էի իրենց: Դա այնքան շատ էներգիա էր հաղորդում ինձ և այդքան զորացնող էր:
Եվ մի անգամ ես լսում էի այդ կանանց խոսելիս, և մի քանի ժամ անց տիկին Պարքսը պտտվեց դեպի ինձ և ասաց. «Բրայն, ասա ինձ, ինչ է Հավասար արդարության նախաձեռնությունը: Ասա ինձ, թե ինչ ես դու փորձում անել»: Ես սկսեցի պատմել: Ես ասացի. «Դե, մենք փորձում ենք դիմակայել անարդարությանը: Մենք փորձում ենք օգնել մարդկանց, ովքեր սխալմամբ դատապարտվել են: Մենք փորձում ենք դիմակայել կողմնակալությանը և խտրականությանը քրեական արդարադատության ոլորտում: Մենք փորձում ենք վերջ տալ առանց պայմանական վաղաժամկետ դատավճիռներին երեխաների համար: Մենք փորձում ենք ինչ-որ բան անել մահապատժի հետ կապված: Մենք փորձում ենք նվազեցնել բանտերում գտնվող մարդկանց թիվը: Մենք փորձում ենք վերջ զանգվածային բանտարկությանը»:
Երբ ես վերջացրեցի նա նայեց ինձ և ասաց. «Մմմ մմմ մմմմ»: Նա ասաց. «Դա քեզ հոգնացնելու է, հոգնացնելու է, հոգնացնելու է»: (Ծիծաղ) Եվ այդ ժամանակ տիկին Քարն առաջ հենվեց, ապա դրեց իր մատը իմ դեմքին և ասաց. «Ահա թե ինչու դու պիտի լինես քաջ, քաջ, քաջ»:
Եվ ես կարծում եմ, որ TED համայնքը պիտի ավելի համարձակ գտնվի: Մենք պետք է ճանապարհ գտնենք դիմակայելու համար այդ մարտահրավերներին, խնդիրներին, տառապանքներին: Քանի որ, վերջ ի վերջո, մեր մարդկությունը կախված է բոլորի մարդկությունից: Ես շատ պարզ բաներ եմ սովորել այդ աշխատանքն անելիս: Այն ինձ շատ պարզ բաներ է սովորեցրել: Ես հասկացա ու կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը չպետք է սահմանվի մեր գործած ամենավատ բանով: Ես հավատում եմ, որ սա ճիշտ է մոլորակի բոլոր մարդկանց համար: Ես կարծում եմ, որ եթե մեկը սուտ է խոսում, նա պարզապես ստախոս չէ: Ես կարծում եմ, որ եթե մեկը վերցնում է մի բան, որ իրեն չի պատկանում, նա պարզապես գող չի: Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե դու մարդ ես սպանում, դու պարզապես մարդասպան չես: Այս իսկ պատճառով, գոյություն ունի հիմնական մարդկային արժանապատվություն, որը պետք է պաշտպանվի օրենքով: Ես նաև հավատում եմ, որ այս երկրի շատ մասերում, ինչպես նաև այս մոլորակի շատ մասերում, որ աղքատության հակապատկերը հարստության չէ: Ես դրան չեմ հավատում: Ես կարծում եմ, որ շատ վայրերում, աղքատության հակապատկերը արդարությունն է:
Եվ վերջապես, ես հավատում եմ, որ չնայած դրան, որ դա այնքան դրամատիկական է, այնքան գեղեցիկ, այնքան ոգեշնչող, և այնքան խթանիչ, մեր մասին վերջ ի վերջո չեն դատելու մեր տեխնոլոգիայով, մեր մասին չեն դատելու մեր դիզայնով, մեր մասին չեն դատելու մեր ինտելեկտով և բանականությամբ: Վերջին հաշվով, դուք դատում եք հասարակությունը նայելով թե ինչպես է այն վերաբերվում ոչ թե հարուստներին և արտոնյալներին, այլ աղքատներին, դատապարտվածներին, բանտարկյալներին: Որովհետև հենց այդ կապի միջոցով ենք մենք իրականում սկսում հասկանալ իսկապես խորիմաստ բաները, այն մասին, թե ով ենք մենք:
Ես երբեմն կորցնում եմ հավասարակշռությունս: Ես կավարտեմ այս պատմությամբ: Ես երբեմն չափն անցնում եմ: Ես հոգնում եմ, ինչպես մենք բոլորս: Երբեմն այդ գաղափարները մեզանից առաջ ենք անցնում, ինչը շատ կարևոր է: Ես ներկայացրել եմ այս երեխաներին, որոնք դատապարտվել են շատ խիստ պատիժների: Երբ ես գնում եմ բանտ, ես տեսնում եմ 13 կամ 14 տարեկան իմ հաճախորդին, ով վկայագրվել է որպես մեծահասակ: Ես մտածում եմ, ինչպես է դա հնարավոր: Ինչպես դատավորը կարող է դարձնել քեզ մի բան, ով դու չես: Դատավորը նրան վկայագրել է որպես մեծահասակ բայց ես տեսնում են երեխա:
Մի գիշեր մինչ ուշ ես արթուն էի և սկսեցի մտածել, աստված իմ, եթե դատավորը կարող է դարձնել քեզ մի բան, ինչը դու չես, դատավորը պիտի որ կախարդական ուժ ունենա: Այո, Բրայն, դատավորը կախարդական ուժ ունի: Կարող ես իրենից մի քիչ դրանից խնդրել: Եվ քանի որ ես մինչ ուշ արթուն էի, ես նորմալ չէի կարող մտածել, ես սկսեցի աշխատել դատարանին ուղղված դիմումի վրա: Իմ պատվիրատուն 14 տարեկան աղքատ սևամորթ տղա էր: Ես սկսեցի աշխատել դիմումի վրա, և դրա վերնագիրն էր` Դիմում իմ աղքատ 14 տարեկան սևամորթ պատվիրատուին դատելու մասին որպես 75-ամյա սպիտակամորթ արտոնյա գործադիր ղեկավար:
Ես գրեցի իմ դիմումի մեջ, որ այստեղ առկա է դատախազության զանցանք, ոստիկանության զանցանք և իրավաբանական զանցանք: Այնտեղ մի տող կար այն մասին, թե ինչպես այս երկրում միայն զանցանքներ գոյություն ունեն: Հաջորդ առավոտ ես արթնանա և մտածեցի, արդյոք ես երազում եմ տեսել այդ խենթ դիմումը թե իրականում գրել եմ այն: Ի սարսափ ինձ, ես ոչ միայն գրել էի այն, բայց նաև ուղարկել էի այն դատարան:
Մի քանի ամիս անցավ, և ես մոռացա դրա մասին: Եվ ես վերջապես որոշեցի, աստված իմ , ես պետք է գնամ դատարան և վարեմ այդ գործը: Ես նստեցի մեքենաս, և ես շատ ու շատ հուզված էի: Ես նստեցի մեքենա և գնացի դատարան: Ես մտածում էի, որ դա լինելու է այնքան դժվար, այնքան ցավոտ: Ես վերջապես դուրս եկա մեքենայից և սկսեցի քայլել դեպի դատարան:
Մինչ ես բարձրանում էի դատարանի աստիճանները այնտեղ մի սևամորթ դռնապահ կար: Երբ այդ մարդը տեսավ ինձ, նա մոտեցավ ինձ և ասաց. «Դուք ով եք»: Ես ասացի, «Ես փաստաբան են»: Նա ասաց, «Դուք փաստաբան եք»: Ես ասացի, «Այո, պարոն»: Այդ մարդը մոտեցավ և գրկեց ինձ: Ապա նա շշնջաց իմ ականջին: Նա ասաց. «Ես հպարտանում եմ քեզնով»: Պիտի ասեմ ձեզ, որ դա էներգիա հաղորդեց ինձ: Դա ինչ-որ բան շարժեց ինձ մեջ կապված ինքնության հետ, յուրաքանչյուր անձի ինչ-որ բան կամ հուսադրող հեռանկար իր համայքին տալու հետ:
Դե, ես գնացի դատարանի դահլիճ: Հենց որ ես ներս մտա, դատավորը տեսավ ինձ: Նա ասաց. «Պարոն Ստիվենսոն, Դու՞ք եք գրել այդ խենթ դիմումը»: Ես ասացի. «Այո, պարոն»: Ես մենք սկսեցինք բանավիճել: Մարդիկ սկսեցին ներս մտնել, որովհետեւ նրանք շատ վրդովված էին: Ես ինչ-որ խենթ բաներ էի գրել: Ներս էին գալիս ոստիկաններ, դատախազի օգնականներ եւ դպիրներ: Մինչ ես հասկացա թե ինչպես, դատարանի դահլիճը լեփ լեցուն էր մարդկանցով, ովքեր վրդովված էին, որ մենք խոսում էինք ռասայի մասին, որ մենք խոսում էինք աղքատության մասին, որ մենք խոսում էինք անհավասարության մասին:
Իմ աչքի մի ծայրով ես տեսնում էի թե ինչպես է դռնապահը ետ ու առաջ անում: Նա շարունակ նայում էր պատուհանին, նա լսում էր մեր բղավոցները: Նա շարունակ ետ ու առաջ էր անում: Վերջապես, այդ սեւամորթ մարդը շատ անհագիստ դեմքով ներս մտավ դահլիճ և նստեց իմ կողքին գրեթե խորհրադկցության սեղանի շուրջ: Մոտ 10 րոպե անց դատավորն ասաց, որ մենք ընդմիջում անենք: Ընդմիջման ժամանակ շերիֆի մի տեղակալ իրեն վիրավորված զգաց, որ դռնապահը ներս է մտել դատարան: Այդ տեղակալը վեր թռավ իր տեղից և վազեց դեպի տարեց սևամորթ մարդը: Նա ասաց. «Ջիմմի, ի՞նչ ես անում այստեղ դատարանում»: Այդ տարեց սևամորթ մարդը վեր կանգնեց, նայեց տեղակալին, նայեց ինձ եւ ասաց. «Ես եկել եմ դատարանի այս դահլիճ, այս երիտասարդին ասելու, որ նա կենտրոնանա վերջնական դրական արդյունքի մասին»:
Ես եկել եմ TED, որովհետեւ ես հավատում եմ, որ ձեզանից շատերը հասկանում են, որ տիեզերքի բարոյական աղեղը երկար է, բայց այն թեքված է դեպի արդարություն: Որ մենք չենք կարող լիարժեք մարդկային կյանքով ապրել մինչև մենք մտահոգված չենք մարդու հիմնարար իրավունքներով և արժանապատվությամբ: Որ մենք գոյատևումը պայմանավորված է բոլորի գոյատևմամբ: Որ տեխնոլոգիայի և դիզայնի, ժամանցի և ստեղծարարության մեր տեսլականները պետք է միավորվեն մարդկությունը, կարեկցանքի և արդարության տեսլականների հետ: Եվ ավելի քան մեկ այլ բան, նրանց համար, ով կիսում է այս տեսլականը, ես պարզապես եկել եմ ասելու ձեզ, որ կենտրոնանաք վերջնական դրական արդյունքի վրա:
Քրիս Անդերսոն՝ Դուք ականատես եղաք, որ այս հանդիսատեսը, այս համայնքը ցանկանում է օգնել Ձեզ այս գործում: Բացի գումար հատկացնելուց, ի՞նչ մենք կարող ենք անել:
ԲՍ՝ Դե մեր շուրջը տարբեր հնարավորություններ կան: Եթե օրինակ դուք ապրում եք Կալիֆորնիա նահանգում, այս գարնանը հանրաքվե է սպասվում, որտեղ փաստացի փորձ է արվելու փոփոխելու այն գումարի չափը, որը մենք ծախսում ենք քաղաքականության պատժի վրա: Այսպես օրինակ, այստեղ Կալիֆորնիայում մենք պատրաստվում ենք ծախսել մեկ միլիարդ դոլար մահապատժի վրա հաջորդ հինգ տարիների ընթացքում, մեկ միլիարդ դոլար: Եվ չնայած դրան, սպանությունների 46 տոկոսը ձերբակալմամբ չեն ավարտվում: Բռնաբարությունների 56 տոկոսի դեպքում մենք արդյունք չունենք: Այսպիսով, մենք հնարավորություն ունենա փոխել դա: Այս հանրաքվեն առաջարկում է, որ այդ գումարները գնան իրավապահ մարմիններին և անվտանգությանը: Եվ ես կարծում եմ, որ նման հնարավորություններ շատ կան:
ՔԱ՝ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ամերիկայում նկատվում է հանցագործությունների հսկայական նվազում: Եվ ոմանք պանդում են, որ դրա պատճառը բանտարկության աճող մակարդակն է: Ի՞նչ Դուք կասեիք մեկին, ով հավատում է այդ կարծիքին:
ԲՍ՝ Իրականում բռնի հանցագործության մակարդակը համեմատաբար նույն է մնացել: Զանգվածային բանտարկության աճը այս երկրում իրականում պայմանավորված չէ բռնի հանցագործության աճով: Դրա պատճառը թմրադեղերին հայտարարված պատերազմն էր: Ահա թե որն է բանտարկված մարդկանց թվաքանակի աճի պատճառը: Իսկ մենք չափազանց տարվել ենք պատժելիության մասին խոսակցությամբ: Այսպիսով, մենք ունենք օրենսդրական ակտեր, որոնք ընդմիշտ բանտարկության մեջ են պահում մարդկանց հեծանիվ գողանալու համար, փոխարենը ստիպելու նրանց վերադարձնել այդ ռեսուրսները այդ մարդկանց, ովքեր տուժել են: Կարծում եմ, որ մենք պետք է ավելին անենք օգնելոը համար մարդկանց, ովքեր հանցագործության զոհ են, ոչ թե հակառակը: Եվ ես կարծում եմ, որ մեր ներկա պատժի փիլիսոփայությունը որևէ բանով որևէ մեկին չի օգնում: Եվ կարծում եմ դա այն է, ինչ մենք պետք է փոխենք:
ՔԱ` Բրայն, Դուք մեզ շատ կարևոր բան հիշացրեցիք այստեղ: Ձեր ելույթը շատ ոգեշնչող էր: Անչափ շնորհակալ ենք, որ մասնակցեցիք TED-ին: Շնորհակալություն:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
Այս գրավիչ և անձնական ելույթում, որտեղ խոսնակը նշում է իր տատիկին և Ռոզա Պարքսին, մարդու իրավունքների պաշտպան Բրայն Ստիվենսոնը կիսվում է որոշ դառը ճշմարտություններով Ամերիկայի արդարադատության համակարգի մասին, սկսած զանգվածային անհավասարակշռության, երկրի սևամորթ տղամարդ բնակչության մեկ երրորդը իրենց կյանքի ինչ-որ պահին ազատազրկված են եղել: Այս հարցերի մասին, որոնք կազմում եմ Ամերիկայի չհետազոտված պատմության մասը, հազվադեպ են խոսում այդքան անկեղծությամբ, ներըմբռմամբ և համոզչությամբ:
Bryan Stevenson is the founder and executive director of the Equal Justice Initiative, fighting poverty and challenging racial discrimination in the criminal justice system. Full bio »
Translated into Armenian by Gohar Khachatryan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
20:45 Posted: Feb 2009
Views 1,555,592 | Comments 443
15:27 Posted: Nov 2010
Views 754,739 | Comments 744
03:50 Posted: Nov 2011
Views 650,309 | Comments 140
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.