Այսօրվա իմ թեման սովորելն է: Ու հենց այդ նկատառումով ուզում եմ հանպատրաստից հարց տալ բոլորիդ: Պատրա՞ստ եք: Ե՞րբ է մարդ սկսում սովորել: Այժմ, երբ խորհում եք այս հարցի շուրջ, միգուցե մտածում եք նախադպրոցական տարիների կամ մանկապարտեզի առաջին օրվա մասին, երբ երեխան առաջին անգամ է լինում դասարանում ուսուցչի հետ: Կամ գուցե մտաբերել եք տոտիկ-տոտիկ անող երեխաներին, որոնք նոր են սովորում քայլել, խոսել, պատառաքաղը բռնել: Միգուցե ծանոթ եք «Զրոյից երեք» մեթոդին, ըստ որի` սովորելու առումով ամենակարևոր տարիները ամենավաղ տարիներն են: Այդ դեպքում, հարցիս այսպես կպատասխանեիք. սովորել սկսում են ի ծնե:
Լավ, այսօր ուզում ձեզ ներկայացնել մի գաղափար, որը կարող է զարմանալի ու նույնիսկ անհավանական թվալ, բայց որը հիմնավորվում է հոգեբանության ու կենսաբանության ամենավերջին փաստերով: Այն է` մենք ամենակարևոր բաները սովորում ենք նախքան ծնվելը, քանի դեռ արգանդում ենք: Հիմա ես գիտական լրագրող եմ: Գրում եմ գրքեր ու ամսագրային հոդվածներ: Ու նաև մայրիկ եմ: Եվ իմ այս երկու դերերը միաձուլվել են գրքիս մեջ, որն անվանել եմ «Ծագում»: Այն զեկույց է «պտղի ծագում» կոչվող նոր հետաքրքիր բնագավառի ակունքներից: «Պտղի ծագումը» գիտաճյուղ է, որը երևան է եկել ընդամենը երկու տասնամյակ առաջ ու հիմնված է այն տեսության վրա, որ ամբողջ կյանքի ընթացքում մեր առողջությունն ու բարօրությունը մեծապես կրում են այն ինն ամիսների ազդեցությունը, երբ մենք դեռ արգանդում ենք: Այսպիսով, այս տեսությունն ինձ համար ավելին էր, քան պարզապես ինտելեկտուալ հետաքրքրությունը: Ինքս հղի էի, գրքի շուրջ հետազոտություններ կատարելու ընթացքում: Ու ամենահետաքրքիր բացահայտումներից մեկը, որին հանգեցի, այն էր, որ մենք բոլորս աշխարհն ընկալում ենք դեռ այն ժամանակ, երբ ինքներս մուտք չենք գործել այնտեղ:
Երբ առաջին անգամ գրկում ենք մեր փոքրիկներին, պատկերացնում ենք, թե նրանք մաքուր թուղթ են, որոնք դեռ չեն կրում կյանքի դրոշմը. այնինչ իրականում նրանք արդեն ձևավորվել են մեր ու այն աշխարհի կողմից, ուր մենք ապրում ենք: Այսօր ձեզ ուզում եմ պատմել գիտնականների զարմանալի հայտնագործություններից այն մասին, թե ինչ է սովորում պտուղը, երբ դեռ մայրիկի փորիկում է:
Նախ և առաջ նրանք ճանաչում են իրենց մայրիկի ձայնը: Պտուղը ձայներ է լսում հղիության չորրորդ ամսից սկսած, սակայն դրանք խլանում են ու թույլ են հասնում նրան, քանի որ դրսի աշխարհի ձայները պետք է անցնեն մոր որովայնային հյուսվածքներով ու ամնիոտիկ հեղուկի միջով, որով շրջապատված է պտուղը: Հետազոտողներից մեկն ասում է, որ ամենայն հավանականությամբ այդ ձայները հնչում են ինչպես Չարլի Բրաունի ուսուցչի ձայնը հին «Գետնանուշներ» մուլտֆիլմում: Բայց հղի կնոջ սեփական ձայնն արձագանքում է իր իսկ մարմնում` այդպիսով պտղին հասնելով շատ ավելի դյուրին: Ու քանի որ պտուղը միշտ մայրիկի հետ է, նրա ձայնը շատ է լսում: Հենց փոքրիկը ծնվում է, անմիջապես ճանաչում է մայրիկի ձայնն ու ավելի շատ նախընտրում է լսել հենց նրա ձայնը, քան մեկ ուրիշինը:
Ինչպե՞ս համոզվենք: Նորածինները շատ բան չեն կարողանում անել, բայց միակ բանը, որ նրանց մոտ իրոք ստացվում է, ծծելն է: Հետազոտողներն օգտագործել են այս փաստը` պատրաստելով ռետինե երկու պտուկներ այնպես, որ երբ փոքրիկը ծծի դրանցից մեկը, այդ պահին ականջակալներում հնչի իր մոր ձայնը, իսկ երբ ծծի մյուս պտուկը, հնչի անծանոթ կնոջ ձայն: Երեխաներն անմիջապես նախընտրում են առաջինը: Գիտնականներն օգտագործել են նաև այն փաստը, որ երեխաները դանդաղեցնում են ծծելը, երբ ինչ-որ բան գրավում է նրանց ուշադրությունը, ու վերսկսում են արագ ծծել, երբ ձանձրանում են դրանից: Ահա թե ինչպես են հետազոտողները հայտնաբերել դա. եթե կանայք հղիության ընթացքում շարունակ բարձաձայն կարդացել են Բժիշկ Սյուսի «Գլխարկով կատու»-ից մի հատված, նրանց նորածին բալիկները ճանաչել են այդ հատվածը, երբ լսել են արդեն ծնվելուց հետո: Նմանատիպ փորձերից ամենից շատ սիրում եմ այն մեկը, երբ մայրը հղիության ընթացքում ամեն օր նույն սերիալն է դիտել, ծնվելուց հետո երեխան ճանաչել է սերիալի սկզբում հնչող երաժշտությունը: Այսինքն, պտուղը սովորում է նույնիսկ կոնկրետ այն լեզուն, որով խոսում են ապագայում իրեն շրջապատող աշխարհում:
Անցյալ տարի հրատարակված մի ուսումնասիրություն հայտնաբերեց, որ ծննդյան պահից սկսած երեխաները լաց են լինում իրենց մայրիկների մայրենի լեզվի առոգանությամբ: Ֆրանսիացի փոքրիկները լալիս են բարձրացող տոնով, մինչդեռ գերմանացի երեխաները` իջնող, այս կերպ նմանակելով այդ լեզուների մեղեդային երանգները: Եվ այսպես, ինչո՞վ է օգտակար պտղի` աշխարհը ճանաչելու նման ձևը: Հնարավոր է, որ այն օգնում է փոքրիկին դիմակայել: Ծնվելու պահից սկսած երեխան հիմնականում արձագանքում է այն մարդու ձայնին, ով ամենից շատ է հոգ տանում իր մասին, այսինքն` մոր ձայնին: Նույնիսկ նրա լացի ձայնը մոր լեզվի հնչյունների ընդօրինակումն է, ինչը կարող է ավելի կապել երեխային ու մորը, և հետագայում նպաստել մայրենի լեզուն հասկանալու և դրանով խոսել սովորելու դժվարին առաջադրանքում:
Բայց արգանդում պտուղը ճանաչում է ոչ միայն ձայները, այլ նաև զգում է համ ու հոտ: Հղիության յոթերորդ ամսում արդեն համի զգայարանը լիովին զարգացած է, ու հոտառության ընկալիչներն արդեն գործում են: Հղի կնոջ օգտագործած սննդի համն ու հոտն անցնում են ամնիոտիկ հեղուկի մեջ, որը պտուղը շարունակ կուլ է տալիս: Ծնվելուց հետո հնարավոր է, որ փոքրիկը հիշի ու նախընտրի հենց այդ համերը: Փորձերից մեկի ժամանակ մի խումբ հղի կանայք հղիության երրորդ եռամսյակում հաճախ գազարի հյութ էին խմել, մինչդեռ կանանց երկրորդ խումբը միայն ջուր էր խմել: Վեց ամիս անց նրանք երեխաների շիլային խառնել էին գազարի հյութ և ուսումնասիրել նրանց դեմքի արտահայտություններն ուտելու ընթացքում: Գազարի հյութ խմած կանանց երեխաներն ավելի շատ գազարի համով շիլա էին կերել, քան մյուսները, ու նրանց տեսքից էլ երևում էր, որ ավելի հաճույքով էին ուտում:
Նմանատիպ մեկ այլ փորձ կատարեցին նաև Ֆրանսիայում` Դիժոնում. այս անգամ հետազոտողները հայտնաբերեցին, որ փոքրիկները, որոնց մայրերը հղիության ընթացքում լակրիցահամ անիսոնով համեմված կերակուրներ ու ըմպելիք էին օգտագործել, կյանքի հենց առաջին օրվանից սիրել են անիսոնը, ու հետո էլ շարունակել են նախընտրել այն: Իսկ հղիության ընթացքում անիսոն չկերած կանանց փոքրիկների արձագանքը կարելի է վերարտադրել այսպես` «Յա’խք»: Սա նշանակում է, որ պտուղը մոր միջոցով արդյունավետ կերպով սովորում է, թե ինչն է անվնաս ու օգտակար ուտելու համար: Պտուղը նաև ծանոթանում է այն կոնկրետ մշակույթին, որին ինքը միանալու է մշակույթի ամենակարևոր դրսևորումներից մեկի` սննդի միջոցով: Նախքան ծնվելը նա նույնիսկ ծանոթանում է իր մշակույթի խոհանոցին բնորոշ համերին ու բույրերին:
Այսպիսով, պարզվում է, որ պտուղը շատ ավելի մեծ դասեր է յուրացնում: Սակայն, մինչ դրան անդրադառնալս, ուզում եմ ներկայացնել մի բան, որը կարող է հետաքրքրել ձեզ: Պտղի սովորելու գաղափարը կարող է հիշեցնել ձեզ պտուղը զարգացնելու փորձերը, երբ հղի կնոջ որովայնին ականջակալներով միացվում է Մոցարտի երաժշտությունը: Բայց իրականում կազմավորման ու ձևավորման ինն ամիս տևող ներարգանդային գործընթացը շատ ավելի կարևոր ու հետևանքային է: Հղի կնոջ առօրյայում կատարվող գրեթե ամեն ինչ` նրա շնչած օդը, ընդունած սնունդը, ըմպելիքները, քիմիկատները, որոնց վտանգին նա ենթարկվում է, նույնիսկ նրա ապրումները, ինչ-որ առումով փոխանցվում են պտղին: Դրանք ազդեցությունների մի խառնուրդ են կազմում, որը նույնքան անհատական ու ինքնատիպ է, որքան կինն ինքը: Պտուղը համատեղում է այս «առաջարկներն» իր սեփական մարմնում, դարձնում է դրանք իր միս ու արյան մի մասը: Ու հաճախ անում է դեռ ավելին. մայրական այս աջակցությունը նա ընկալում է որպես տեղեկատվություն, ինչպես ես եմ անվանում` արտաքին աշխարհից եկող «կենսաբանական բացիկներ»:
Այսպիսով, մոր արգանդում պտուղը սովորում է ոչ թե Մոցարտի «Կախարդական ֆլեյտան», այլ ստանում է իր գոյատևման համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցերի պատասխաններ: Արդյոք ինքը կծնվի լիությա՞ն, թե՞ կարիքի աշխարհում: Կլինի՞ արդյոք ապահով ու պաշտպանված, թե՞ մշտապես կանգնած կլինի վտանգի ու սպառնալիքի առաջ: Կունենա երկար արգասավոր կյա՞նք, թե՞ կարճ ու դժվարին: Հղի կնոջ սննդակարգն ու մասնավորապես սթրեսի մակարդակը արժեքավոր հուշումներ են առկա պայմանների վերաբերյալ, ինչպես մատդ բարձրացնելիս կզգաս քամին: Այս ամենից հետևում է, որ պտղի ուղեղի ու մյուս օրգանների կարգավորումը մարդկային հսկայական հարմարվողականության մասն է. ամենատարբեր միջավայրերում` բնության գրկում թե քաղաքում, դաշտում թե անապատում զարգանալու մեր կարողությունը:
Ամփոփելով ուզում եմ պատմել ձեզ երկու պատմություն, թե ինչպես են մայրերն իրենց բալիկներին ծանոթացնում աշխարհին, նույնիսկ նախքան նրանց ծնվելը: 1944 թվականի աշնանը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամռայլ օրերին, գերմանական զորքերը շրջափակեցին Արևմտյան Հոլանդիան` զրկելով այն սննդի մատակարարումից: Նացիստների պաշարմանը հետևեց վերջին տասնամյակների ամենախստաշունչ ձմեռը. այնքան ցուրտ էր, որ ջրանցքներում ջուրը լրիվ սառչում էր: Շուտով սնունդը սկսեց չբավականացնել. շատ հոլանդացիներ գոյատևում էին օրական ընդամենը 500 կալորիայով, այնինչ նախքան պատերազմն օգտագործում էին դրա քառապատիկը: Զրկանքների շաբաթները դարձան ամիսներ. ոմանք այս ծայրահեղ իրավիճակում նույնիսկ սկսել էին կակաչի սոխուկներ ուտել: Մայիսի սկզբին երկրում խնայողաբար բաշխած սննդի պաշարը վերջնականապես սպառվել էր: Զանգվածային սովի սպառնալիքն արդեն ուրվագծվում էր, երբ 1945 թվականի մայիսի 5-ին պաշարումն անսպասելի ավարտվեց, ու Հոլանդիան դաշնակիցների շնորհիվ այլևս ազատագրված էր:
Այսպես կոչված «Սովի ձմեռը», խլեց մոտ 10000 մարդկային կյանք, հազարավորներին էլ թուլացրեց: Բայց պաշարումը մեծապես ազդեց մարդկային մեկ այլ խմբի` դեռ չծնված 40000 երեխաների վրա: Հղիության ընթացքում թերսնման հետևանքներն անմիջապես արտահայտվեցին մեռելածնության, բնածին արատներով ու թեթև քաշով ծնվող երեխաների, նորածինների մահացության բարձր ցուցանիշներում: Որոշ հետևանքներ էլ ավելի ուշ ի հայտ եկան: «Սովի ձմեռվանից», տասնամյակներ անց հետազոտողները փաստեցին. մարդիկ, որոնց մայրերը հղի են եղել պաշարման ընթացքում, հետագայում ավելի շատ են տառապում ճարպակալումով, շաքարախտով, սրտային հիվանդություններով, քան մարդիկ, որոնց մայրերի հղիությունն անցել է նորմալ պայմաններում: Կարծես այս մարդկանց սովի նախածննդյան փորձն արմատապես փոխել է նրանց օրգանիզմը: Նրանց արյան ճնշումն ավելի բարձր է, խոլեստերինը` ցածր, գլյուկոզայի թույլատրելի չափը` կրճատված. սրանք բոլորը շաքարախտի նախանշաններ են:
Ինչու՟ պիտի պտղի ներարգանդային թերսնուցումը հետագայում հանգեցնի հիվանդության: Բացատրություններից մեկն այն է, որ պտուղը վատ իրավիճակում ամենից լավ է ելք գտնում: Երբ սննդի պակաս է զգացվում, նա եղած սննդարար նյութերն ուղղում է դեպի ամենակարևոր օրգանը` ուղեղը, փոխարենը մյուս օրգանները` ինչպես օրինակ սիրտն ու լյարդը, թողնում է առանց սնուցման: Այս դեպքում պտուղը ողջ է մնում որոշ կարճ ժամանակով, բայց հատուցումն ավելի ուշ է վրա հասնում, երբ այն օրգանները, որոնք նախկինում զրկված են եղել սննդարար նյութերից, հիվանդության հանդեպ ավելի խոցելի են դառնում:
Բայց սա դեռ ամենը չէ: Թվում է` պտուղն օգտվում է ներարգանդային միջավայրից ու հետևաբար ֆիզիոլոգիապես հարմարվում է դրան: Նա կարծես պատրաստվում է այն աշխարհին, որին կհանդիպի արգանդից դուրս: Պտուղը հարմարեցնում է իր նյութափոխանակությունն ու մյուս ֆիզիոլոգիական գործընթացները` կանխազգալով այն միջավայրը, որն իրեն սպասվում է: Ու պտղի նման կանխատեսումը հիմնված է մոր սննդի վրա: Հղի կնոջ ընդունած սնունդը մի պատմություն է, հեքիաթի պես մի բան` լիության կամ զրկանքների մռայլ ժամանակագրության մասին: Այս պատմությունը տալիս է տեղեկություն, որը պտուղն օգտագործում է` կազմելու համար իր օրգանիզմն ու դրա համակարգերը. սա տիրող հանգամանքներին հարմարվելն է, որը հեշտացնում է իր հետագա գոյատևումը: Հանդիպելով խիստ սահմանափակ պաշարների` փոքրամարմին երեխան, որն ունի էնէրգիայի քիչ պահանջմունք, փաստորեն ավելի երկար ապրելու հնարավորություն կունենա:
Իրական խնդիրը ծագում է, երբ հղի կանայք դառնում են որոշ իմաստով «անվստահելի պատմողներ». երբ պտուղը նախապատրաստվում է կարիքի աշխարհին, փոխարենը ծնվում է լիության աշխարհում: Հենց այդպես պատահեց հոլանդական «Սովի Ձմռան» շրջանի երեխաների հետ: Նրանց մոտ ճարպակալման, շաքարախտի ու սրտային հիվանդությունների բարձր ցուցանիշները դրա արդյունքն են: Օրգանիզմները, որոնք կառչած էին ամեն կալորիայից, հայտվեցին հետպատերազմյան արևմտյան սննդի ավելորդ կալորիաների հեղեղում: Աշխարհը, որ նրանք ճանաչել էին դեռ արգանդում, այն չէր, որում նրանք հայտնվել էին:
Ահա մի ուրիշ պատմություն ևս: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 8:46–ին Նյու Յորքում` Համաշխարհային Առևտրի Կենտրոնի մոտակայքում, տասնյակ հազարավոր մարդիկ կային` գնացքներից դուրս հորդացող ուղևորներ, առավոտյան հոսքի համար սեղան գցող մատուցողուհիներ, Ուոլ Սթրիթում աշխատող բրոկերներ: Նշված մարդկանցից 1700-ը հղի կանայք էին: Երբ ինքնաթիռները հարվածեցին, ու աշտարակները փուլ եկան, այս կանանց մեծ մասը նույն սարսափն ապրեց, ինչ աղետի մյուս վերապրողները` ճնշող քաոս ու իրարանցում, փոշու և շինաղբի պոտենցիալ թունավոր պտտվող ամպեր, սիրտ կեղեքող վախ` սեփական կյանքի համար:
9/11-ից մոտ մեկ տարի անց հետազոտողներն ուսումնասիրեցին մի խումբ կանանց, որոնք հղի են եղել, երբ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը հարձակման է ենթարկվել: Շատ հղիների մոտ այդ ծանր փորձությունների հետևանքով առաջացել էր հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ (ՀՏՍՀ), ու հետազոտողները պարզեցին, որ այդ կանանց երեխաները կենսաբանական տեսանկյունից ավելի խոցելի են ՀՏՍՀ-ի նկատմամբ. ազդեցություն, որն ամենից ցայտուն արտահայտվեց այն նորածինների մոտ, որոնց մայրերը աղետին էին ենթարկվել հղիության երրորդ եռամսյակում: Այլ կերպ ասած` մայրերը, որոնց մոտ նկատվել է հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ, փոխանցել են այդ վիճակի հանդեպ խոցելիությունն իրենց երեխաներին, որոնք դեռ արգանդում էին:
Սրա մասին էլ մտածեք. պարզվում է` հետտրավմատիկ սթրեսի համախտանիշը օրգանիզմի արձագանքն է խորը սթրեսին, որի հետևանքով տուժողները ենթարկվում են հսկայական ավելորդ տառապանքների: Բայց ՀՏՍՀ-ի մասին այլ տեսակետ էլ կա: Այն, ինչը մեզ պաթոլոգիա է թվում, իրականում կարող է որոշակի հանգամանքներում օգտակար հարմարեցում լինել: Առանձնապես վտանգավոր միջավայրում ՀՏՍՀ-ի բնորոշ դրսևորումները` սեփական շրջապատի վերաբերյալ գերիրազեկությունը, վտանգին ակնթարթային արձագանքումը, կարողացել են մարդկային կյանք փրկել: Գաղափարը, որ ՀՏՍՀ-ի վտանգի փոխանցումը նախածննդյան շրջանում կարող է հարմարվելու հատկություն արմատավորել, դեռ հիմնավորված չէ, բայց ես այն բավականին խորիմաստ եմ համարում: Դա կնշանակեր, որ նույնիսկ նախքան փոքրիկի ծնվելը, մայրը, ասելով նրան «Զգո'ւյշ եղիր», զգուշացնում է, որ դրսում նրան խելացնոր աշխարհն է սպասում:
Թույլ տվեք պարզաբանեմ: Պտղի ծագումը հետազոտություն է, որը ոչ թե մեղադրում է կանանց հղիության ընթացքում կատարվածի համար, այլ փորձում է հայտնաբերել ուղիներ` լավագույնս նպաստելու հաջորդ սերնդի առողջությանն ու բարօրությանը: Այդ կարևոր աշխատանքում պետք է հատկապես շեշտադրվի այն, թե ինչ է պտուղը սովորում արգանդում անցկացրած ինն ամիսների ընթացքում: Սովորելը կյանքի կարևորագույն գործունեություններից մեկն է, ու այն սկսվում է շատ ավելի վաղ, քան մենք երբևէ պատկերացրել ենք:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Հարց. Ե՞րբ ենք սկսում սովորել: Պատասխան. նախքան ծնվելը: Գիտնական Էննի Մերֆի Փոլը խոսում է նոր ուսումնասիրության մասին, որը ցույց է տալիս, թե դեռ արգանդում եղած ժամանակ որքան բան ենք սովորում` սկսած մեր մայրենի լեզվի ելևէջներից մինչև հետագայում սիրելի կերակրատեսակները:
Annie Murphy Paul investigates how life in the womb shapes who we become. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Shogher Vardikyan
Comments? Please email the translators above.
19:39 Posted: Jan 2010
Views 1,324,751 | Comments 230
18:29 Posted: Oct 2011
Views 1,003,588 | Comments 166
09:37 Posted: Nov 2011
Views 2,290,656 | Comments 444
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.